«Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Հակոբյանի վիճակը շարունակում է վատանալ. Պաշտպան

18:48   19 Մայիս 2017    254

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Հակոբյանի առողջական վիճակը շարունակում է վատանալ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայկական ԶԼՄ-ների հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Դավիթ Գյուրջյանը: Նա նշեց, որ Արամ Հակոբյանի մոտ խորացել են հիշողության հետ կապված խնդիրները, նա դժվարությամբ է խոսում եւ անհապաղ բուժօգնություն է անհրաժեշտ:

Արամ Հակոբյանը 2012թ.-ին ենթարկվել է միզապարկի, ապա 2014թ.` ուղեղի քաղցկեղի հեռացման վիրահատությունների, պաշտպանի խոսքով՝ նրա մոտ նկատվում է ուղեղի կաթվածի (ինսուլտի) նախանշաններ, որոնք գնալով խորանում են:

Արամ Հակոբյանի առողջական վիճակի վերաբերյալ պաշտպանական կողմը դիմում էր ներկայացրել ՄԻԵԴ, որը Հայաստանի կառավարությանը հանձնարարել է ապահովել Արամ Հակոբյանի համար պատշաճ բուժօգնություն եւ առանց ընդհատումների անհրաժեշտ դեղորայք տրամադրել նրան:

Արամ Հակոբյանի մասով նախաքննություն ավարտվել է, նրան մեղադրանք է առաջադրվել Հայաստանի ՔՕ-ի 219-րդ հոդված 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):

hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները