Արմեն Մկրտումյանն արդեն 10 օր է հացադուլի մեջ է

18:54   17 Փետրվար 2017    75

Hayatsk.info-ն հայտնում է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող ազատամարտիկ Արմեն Մկրտումյանն արդեն 10 օր է հացադուլի մեջ է:

Հայկական ԶԼՄ-ի խմբագրություն զանգահարած մարտիկը պնդում է, որ բազմաթիվ հիվանդություններ ունի: Հացադուլով նա պահանջում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց:

«Դեկտեմբերին վիճակս վատացել էր, «Դատապարտյալների հիվանդնոց» էին տեղափոխել, հետազոտել էին, արդյունքների համաձայն՝ գլխումս բեկորներ կան եւ ինձ չի կարելի տեղաշարժվել, անգամ նստել: Ասել են, որ պետք է քաղաքացիական հիվանդանոցում պառկեմ, բայց ինձ տեղափոխեցին խուց, որից հետո 3 օր եղել եմ անգիտակից վիճակում»,-ասաց նա:

Արմեն Մկրտումյանը նշեց, որ հացադուլի հետեւանքով իր վիճակն ավելի է վատացել. «Հացադուլավորների խցում եմ, բժիշկներ չեն եկել մինչեւ հիմա, չնայած առողջական բազմաթիվ խնդիրներ ունեմ»:

Դատապարտյալը նշեց, որ շարունակելու է իր հացադուլն այնքան ժամանակ, մինչեւ իր պահանջը կատարվի:

Արմեն Մկրտումյանի խոսքով՝ ճաղերի հետեւում է հայտնվել վաշխառուի պատճառով. «Իմ բարեկամուհին ծանր հիվանդ էր, իրեն շտապ գումար էր հարկավոր: Մի կնոջից 19 հազար դոլար գումար վերցրեց, ես էլ երաշխավոր կանգնեցի: Բայց քանի որ բարեկամուհուս վիճակը գնալով վատանում էր, իր գումարը հետ էր պահանջում, դատի տվեց մեզ: Դատաքննության ընթացքում էլ իմ բարեկամուհին բազմաթիվ անգամներ ասել է, որ ես կապ չունեմ դրա հետ, ընդամնեը երաշխավոր եմ եղել, բայց ինձ մեղավոր ճանաչեցին եւ 6 տարվա ազատազրկման դատապարտեցին»,-պատմեց նա:

Արմեն Մկրտումյանը Հայաստանի Արդարադատության նախարարությունից եւ Հայաստանի Մարդու իրավուքնների պաշտպանից պահանջում է այցելել «Նուբարաշեն» ՔԿՀ, ուսումնասիրել խուցը, որտեղ պահվում է ինքը եւ կազմակերպել իր առողջական վիճակի հետազոտում:

hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները