Թե ինչ կլինի պատերազմից հետո՝ ինձ համար առաջնահերթություն չէ. Ասադի հարցազրույցն իսպանական La Vanguardia-ին

13:58   20 Մարտ 2017    196

Սիրիայում սարսափելի հակամարտության վեցերորդ տարելիցին իսպանական La Vanguardia թերթի թղթակից Տոմաս Ալկովերոն այցելել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին: Այս ժամանակահատվածում այն, ինչ սկզբից, այսպես կոչված, «արաբական գարունների» շարքի շարունակություն էր, վերածվեց խառնաշփոթ դարձած միջազգային պատերազմի թատերաբեմի, գրում է հեղինակը:

Բոլորը կանխատեսում էին սիրիական ռեժիմի արագ անկում, բայց Ասադը, հենվելով Ռուսաստանի և Իրանի օգնության վրա, համախմբեց իր իշխանությունը, իսկ նրա բանակին հաջողվեց հետ գրավել Հալեպ քաղաքը, գրում է Ալկովերոն: «Զինված ընդդիմության տարատեսակ խմբավորումները պարտություն կրեցին, բայց Ասադը չտարավ լիակատար հաղթանակ այս պատերազմում»,- գրում է նա:

Բաշար ալ Ասադը հեղինակի հետ զրույցում ասել է, որ «այդպիսին է վահաբիստական գաղափարախոսության ազդեցությունը, որը թույլ չի տալիս մնացած բոլոր գաղափարախոսությունների գոյությունը»: «Հասարակության մի մասը պատրաստ չէ ընդունել մյուս մասին, և այդ առումով մենք կարող ենք ասել, որ քաղաքացիական պատերազմ է ընթանում»,- ասել է Ասադը:

Սիրիայի նախագահը կարծիք է հայտնել, որ «բռնության մշակույթը» ոչ միայն տեղական երևույթ է: «Այն անդրադառնում է ինչպես մեր, այնպես էլ եվրոպական հասարակության վրա, և դուք կարող եք նկատել դա ձեր սեփական երկրներում, որովհետև նրանք նույնպես տուժում են այդ գործունեության օջախներից՝ հիմնականում Ֆրանսիան, որը թույլ է տվել վահաբիստ իմամներին մտնել իր տարածք, իսկ այժմ վճարում է դրա համար»,- նշում է Ասադը:

«Ալ-Քաիդայի», «ԴԱԻՇ-ի», «Ալ-Նուսրայի» դաժան առաջնորդների մեծ մասը Եվրոպայից եկող մարդիկ են, այլ ոչ արաբական երկրներից: «Այստեղ շատ գրոհայիններ կան, որ գալիս են արաբական աշխարհից, բայց կրկնում եմ՝ նրանց ղեկավարները ժամանում են զգալիորեն Եվրոպայից»,- նշել է Սիրիայի նախագահը:

«Խոսակցություններն այն մասին, թե ինչպիսին կլինի Սիրիան պատերազմից հետո, այս պահին ներառված չեն իմ օրակարգում»,- հայտարարել է Ասադը: «Իմ ծրագիրը սիրիացիների միջև երկխոսությանը նպաստելն է, թե ինչ քաղաքական համակարգ են նրանք ցանկանում, ինչն է ավելի լավ՝ կառավարման նախագահական, խորհրդարանական համակարգը, ինստիտուտների ինչպիսի ձևեր, բանակի ինչպիսի ձև…

Մեզ հարկավոր է երկխոսություն սիրիական հասարակության բոլոր հատվածների միջև, այնպես որ մենք պատրաստվում ենք հանրաքվե կազմակերպել: Ես չեմ ներկայացնի ապագայի իմ տեսլականը, մինչև այն չներկայացնեն սիրիացիները, այժմ առաջնահերթ խնդիրն ահաբեկչության դեմ պայքարն է:

Քաղաքականության մասին խոսակցությունները շքեղություն են, երբ ամեն պահի, ամեն րոպե մենք կարող ենք սպանվել: Ամենաառաջնային խնդիրը վերացնելն է ահաբեկչությունը, նշանակությամբ երկրորդ խնդիրը նպաստելն է ազգային հաշտեցմանը: Երբ կլուծենք այդ խնդիրները, մենք կկարողանանք զբաղվել երկրի ապագայի թեմայով»,- հավելել է Սիրիայի նախագահը Տոմաս Ալկովերոյի հետ զրույցում:

hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները