Իտալիայում գնահատել են կորոնավիրուսի հետեւանքով տնտեսական կորուստները

21:17   23 Մարտ 2020    460

Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում արտադրության դադարեցման հետեւանքով Իտալիայի տնտեսական կորուստները ամսական կարող են 100 մլրդ եվրո կազմել, հայտարարել է Իտալական արդյունաբերության համընդհանուր կոնֆեդերացիայի (Confindustria) նախագահ Վինչենցո Բոչան, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Կիրակի օրը Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն ստորագրել է կառավարական դեկրետ, որի համաձայն, ազգային տարածքում դադարեցվում է ամբողջ արտադրական գործունեությունը, որը կապված չէ բնակչությանը ամենաանհրաժեշտ ապրանքներով եւ ծառայություններով ապահովելու հետ։ Վարչապետի խոսքերով՝ իշխանությունները «որոշել են դանդաղեցնել երկրի շարժիչի աշխատանքը՝ այն ամբողջությամբ չանջատելով»։

«Այդ դեկրետի միջոցով տնտեսական արտակարգ իրավիճակից ռազմական տնտեսության անցնելու հարց է դրվում»,- երկուշաբթի Radio Capital-ի եթերում այդ կապակցությամբ հայտարարել է Բոչան։

Իտալացի արդյունաբերողների խոսքերով՝ երկրում արտադրական հզորությունների 70 տոկոսը դադարեցնում է աշխատանքը։

«Եթե մեր ՀՆԱ-ն տարեկան կազմում է 1800 մլրդ եվրո, դա նշանակում է, որ ամսական մենք արտադրում ենք 150 մլրդ։ Եթե մենք փակում ենք արտադրության 70 տոկոսը, դա նշանակում է, որ յուրաքանչյուր 30 օրը մենք կկորցնենք 100 միլիարդ»,- ընդգծել է Բոչան։

Հեշթեգներ: Իտալիա  


Վերնագիրի այլ պիտակները