Բայդենը Թրամփին մեղադրում է համավարակի հարցում ուշացումով գործելու համար

22:35   29 Մայիս 2020    368

ԱՄՆ նախկին փոխնախագահ, Դեմոկրատական կուսակցությունից նախագահության հավանական թեկնածու Ջո Բայդենը խոսել է երկրում կորոնավիրուսից ավելի քան 100 հազար մահվան դեպքերի մասին։

Ցավակցություն հայտնելով ամերիկացիներին՝ նա ասել է, որ «ծանր կորուստն անհնարին է տանել, երբեմն թվում է, որ հայտնվում ես վակուումի մեջ, շնչահեղձ ես լինում», տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ապա Բայդենը նշել է՝ իր անձնական փորձը վկայում է, որ «վաղ թե ուշ գալիս է ժամանակը, երբ հարազատին կորցնելու միտքը ոչ միայն արցունք, այլև սիրուց ծնված ժպիտ է բերում», նկատի ունենալով 1972 թվականի ավտովթարը, որի զոհ են դարձել առաջին կինն ու նորածին դուստրը, և 2015-ին 46-ամյա որդու՝ Բյուի մահն ուղեղի քաղցկեղից։

Տեսաուղերձով դիմելով հայրենակիցներին՝ Ջո Բայդենն ասել է, որ այսօրվա ողբերգությունից հնարավոր կլիներ խուսափել, եթե վարակի տարածման դեմ միջոցներն ավելի վաղ ձեռնարկվեին։

«Եթե վարչակազմը գոնե մեկ շաբաթ շուտ սահմաներ սոցիալական հեռավորության պահանջը, այս 101 հազար մահացածներից մոտ 36 հազարը հիմա ողջ կլիներ», - ասել է դեմոկրատ գործիչը՝ վկայակոչելով Կոլումբիայի համալսարանի նոր հետազոտությունը։

Նախագահ Դոնալդ Թրամփն ամերիկյան այդ համալսարանն անվանել է «խայտառակ լիբերալ հաստատություն» և հերքել է համավարակի դեմ պայքարում սխալներ գործելու մեղադրանքը։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները