«Բարսելոնայի» տպավորիչ հաղթանակը Սուպերկլասիկոյում՝ 5:1, «Ռեալի» 9-րդ տեղը - VIDEO

21:10   28 Հոկտեմբեր 2018    248

93 հազար երկրպագուների ներկայությամբ Բարսելոնայի «Կամպ Նոու» ստադիոնում տեղի ունեցավ իսպանական Սուպերկլասիկոն: Պրիմերայի 10-րդ տուրում «Բարսելոնան» ընդունեց Մադրիդի «Ռեալին» եւ տպավորիչ հաղթանակ տարավ 5:1 հաշվով:

Առաջին խաղակեսն անցավ դաշտի տերերի զգալի առավելությամբ: Արդեն 11-րդ րոպեին հաշիվը բացեց բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն, որն օգտագործեց Ժորդի Ալբայի փոխանցումը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

30-րդ րոպեին 11 մետրանոց նշանակվեց «Ռեալի» դարպասին: Ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի դեմ տուգանային հրապարակում կանոնները խախտեց «Ռեալի» ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վարանը: Մրցավարն օգտվեց կրկնապատկերից եւ նշանակեց 11 մետրանոց, որը հստակ իրացրեց Լուիս Սուարեսը:

Ընդմիջմանը «Ռեալի» կազմում տեղի ունեցավ փոփոխություն: Վարանին փոխարինեց իսպանացի հարձակվող Լուկաս Վասկեսը եւ երկրորդ խաղակեսի սկզբում հյուրերը որոշակիորեն հավասարեցրին խաղը: 50-րդ րոպեին Արքայական թիմի բրազիլացի պաշտպան Մարսելոն կրճատեց հաշվի տարբերությունը՝ ավարտելով Նաչոյի եւ Իսկոյի սկսած գրոհը: 56-րդ րոպեին ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլի հարվածից հետո «Բարսելոնային» գոլից փրկեց դարպասաձողը:

Սակայն 75-րդ րոպեին Լուիս Սուարեսը ձեւակերպեց դուբլ: Սերխի Ռոբերտոյի փոխանցումից հետո ուրուգվայցի ֆուտբոլիստը գլխով կատարած գեղեցիկ հարվածով գրավեց բելգիացի Տիբո Կուրտուայի պաշտպանած դարպասը:

83-րդ րոպեին «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսի սխալից հետո գնդակը հայտնվեց Սերխի Ռոբերտոյի մոտ: Նա անմիջապես փոխանցում կատարեց Լուիս Սուարեսին, որը խփեց իր երրորդ գոլը:

87-րդ րոպեին աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Ուսման Դեմբելեի ձախից կատարած փոխանցումից հետո չիլիացի ենթահարձակվող Արտուրո Վիդալը հաշիվը դարձրեց 5:1: Այս ամռանը «Բավարիայից» տեղափոխված Վիդալը մասնակցեց իր առաջին Սուպերկլասիկոյին: Դեմբելեն ու Վիդալը փոխարինման էին դուրս եկել վերջնամասում:

Ձեռքի կոտրվածք ստացած արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին հանդիպմանը հետեւում էր տրիբունայից:

«Բարսելոնան» 21 միավորով առաջին տեղում է եւ 2 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող Մադրիդի «Աթլետիկոյի» նկատմամբ: «Ռեալը» 14միավորով 9-րդ տեղում է:

Իսպանիայի առաջնություն, 10-րդ տուր

«Բարսելոնա» - «Ռեալ»՝ 5:1 (տեսանյութ)

Ֆիլիպե Կոուտինյո, 11, Լուիս Սուարես, 30, 11մ, 75, 83, Արտուրո Վիդալ, 87 – Մարսելո, 50


Hayatsk.info

Հեշթեգներ: Բարսելոնա   Ռեալ-Մադրիդ  


Վերնագիրի այլ պիտակները