Զինվորականները Կորեական պատերազմի ժամանակների 2000 արտեֆակտ են պեղել

13:15   11 Ապրիլ 2019    156

Կորեացի զինվորականները ԿԺԴՀ-ի հետ սահմանին պեղումների ընթացքում Կորեական պատերազմի (1950-1953թթ․) ժամանակների 2000 արտեֆակտ են հայտնաբերել։

Ապրիլի 1-ին հարավկորեացի զինվորականները սկսել են ականազերծել 281 մետր բարձրության վրա գտնվող Խվասալմորի ապառազմականացված գոտին, որտեղ 1952թ․ մարտեր են տեղի ունեցել չինական ժողովրդական կամավորների եւ ՄԱԿ-ի ֆրանսիական գումարտակի միջեւ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ականազերծված տարածքում նաեւ իրականացվել են պեղումներ, որոնց ընթացքում հարավկորեացի զինվորականները հայտնաբերել են 2000 տարբեր արտեֆակտներ։ Դրանց թվում եղել են 160 չպայթած արկեր եւ ականներ։

Ինչպես հայտնել է Կորեայի Հանրապետության ՊՆ-ն, աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է նաեւ մարտերի ժամանակ զոհվածներից մեկի աճյունը, որը կփոխանցվի լաբորատորիա՝ ԴՆԹ-ի անալիզ կատարելու համար։ Ենթադրվում է, որ Խվասալմորիի բարձունքում կարող են գտնվել մոտ 2000 չինացի, կորեացի ֆրանսիացի եւ ամերիկացի զինվորների մարմիններ։

2018թ․ սեպտեմբերի 19-ին Հյուսիսային եւ Հարավային Կորեաների միջեւ կնքվել է ռազմական պայմանագիր, որի համաձայն, ականազերծման եւ աճյունների որոնման աշխատանքները պետք է կատարվեն 2019թ․ ապրիլից մինչեւ հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում։ ԿԺԴՀ-ն դեռեւս չի սկսել որոնողական աշխատանքները։

Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջում Կորեական թերակղզին, որը 1910-1945թթ․ գտնվում էր Ճապոնիայի վերահսկողության տակ, հայտնվել էր ԱՄՆ-ի եւ ԽՍՀՄ-ի ազդեցության ոլորտներում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները