ԵՄ խորհուրդը վերջնականապես հաստատել է Գազային դիրեկտիվի փոփոխությունների նախագիծը

15:47   15 Ապրիլ 2019    201

Եվրամիությունը վերջնականապես հաստատել է ԵՄ Գազային դիրեկտիվի փոփոխությունների նախագիծը, որը թույլ կտա Բրյուսելին ընդլայնել ծովային գազամուղների, մասնավորապես «Հյուսիսային հոսք-2»-ի վերահսկման հնարավորությունները, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԵՄ Խոհրդի մամուլի ծառայությանը:

Հայտարարության մեջ նշվում է, որ փաստաթուղթը հաստատվել է առանց քննարկման ինչպես եւ սպասվում էր: Համապատասխան նորմատիվ ակտերը կհրապարակվեն մոտ ապագայում ԵՄ պաշտոնական ամսագրում եւ դրանից 20 օր անց նոր օրենքը ուժի մեջ կմտնի:

ԵՄ խորհուրդը նաեւ ընդգծել է, որ նոր փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո ԵՄ անդամ պետությունները կունենան ինը ամիս դրանք ազգային օրենսդրության մեջ ներդնելու համար:

Միեւնույն ժամանակ ԵՄ-ն մտադիր է մինչեւ 2019 թվականի վերջը կատարել բոլոր տեխնիկական ընթացակարգերը, քանի որ ավելի վաղ Եվրահանձնաժողովի էներգետիկայի գլխավոր տնօրինության ղեկավար Դոմինիկ Ռիստորին հայտնել էր, որ փոփոխված ԵՄ գազային դիրեկտիվը պետք է ուժի մեջ մտնի «Հյուսիսային հոսք 2» -ի շահագործումից առաջ, որպեսզի դրա գործողությունը տարածվի այդ նախագծի վրա:

Սպասվում է, որ «Հյուսիսային հոսք 2» -ը շահագործման կհանձնվի մինչեւ 2019 թվականի վերջը:

Լրամշակված դիրեկտիվը ԵՄ էներգանորմերը տարածում է երրորդ երկրներից ԵՄ հասնող ծովային գազամուղների վրա, որոնք դուրս են գալիս միության պետությունների սահմաններից:

ԵՄ-ի Երրորդ էներգափաթեթի նորմերի համաձայն՝ «Հյուսիսային հոսք 2»-ի օպերատորը պետք է «Գազպրոմ»-ից անկախ ընկերություն լինի:

Գերմանիան հասել է այդ փոփոխությունների զգալի մեղմացման, քանի որ ամփոփիչ տեքստում նշվում է, որ ռուսական նախագծին այդ նորմերից բացառությունների տրամադրման մասին որոշումը ընդունելու է ոչ թե Բրյուսելը, այլ ԵՄ երկիրը, որտեղ գազամուղը դուրս է գալիս եվրոպական տարածք: «Հյուսիսային հոսք 2»-ի դեպքում դա Գերմանիան է:

Ըստ եվրոպացի փորձագետների մեծամսանության գնահատականների՝ այս ձեւով Գազային դիրեկտիվը թույլ չի տա կասեցնել «Հյուսիսային հոսք 2»-ի շինարարությունը, սակայն կարող է խնդիրներ եւ անորոշություն ստեղծել ներդրողների համար, մասնավորապես, դրա փոխհատուցվելիության ժամկետի հարցերում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԵՄ  


Վերնագիրի այլ պիտակները