Amazon-ը առաջիկայում կսկսի ապրանքներ տեղափոխել անօդաչու սարքերով

21:44   07 Հունիս 2019    511

Ջեֆ Բեզոսի առցանց ռեթեյլերն առաջիկայում կսկսի ապրանքներ տեղափոխել անօդաչու սարքերով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Associated Press-ին (AP)։

Նրա տվյալներով՝ Amazon-ի մասնագետները մշակել են դրոնների անօդաչու կառավարման համակարգ, որը թույլ կտա հաղթահարել ցանկացած խոչընդոտ դեպի գնորդ ճանապարհին։ «Անօդաչու սարքի կառավարման համակարգը կհաղթահարի խոչընդոտները եւ կապահովի թռիչքի անվտանգությունը»,- գործակալությունը մեջբերում է Amazon-ի սպառողական մասնաճյուղի ղեկավար Ջեֆ Ուիլքեի խոսքերը։

Գործակալությունը նշում է, որ ռեթեյլերն առայժմ չի նշել ոչ սարքերի աշխատանքն սկսելու ճշգրիտ ժամկետը, ոչ այն, թե որտեղ են դրանք սկսելու ապրանքներ հասցնել սկզբնական շրջանում։ Ընդ որում՝ ընկերության տվյալներով, դրանք լինելու են էլեկտրական եւ կկարողանան տեղափոխել մինչեւ 2,2 կիլոգրամ բեռներ 24 կիլոմետր տարածության վրա։

Amazon-ը 2016-ից զբաղվում է անօդաչու սարքերի մշակմամբ մանր բեռներ տեղափոխելու համար։ Այսօր ընկերությունն ունի մի քանի փորձնական սարքեր, որոնք կարող են ապահովել մոտ 80 կիլոմետր ժամ արագություն եւ բարձրանալ 120 մետր։

ԱՄՆ դաշնային ավիացիոն վարչությունն առայժմ Amazon-ին նման սարքերի օգտագործման թույլտվություն չի տրամադրել։ Ինչպես նշում է AP-ը, այս տարվա ապրիլին անօդաչու սարքերի թռիչքի թույլտվություն Վիրջինիա նահանգի որոշ շրջաններում ստացել է ամերիկյան Google կորպորացիան։

Hayatsk.info

Հեշթեգներ: Amazon  


Վերնագիրի այլ պիտակները