Դատարանը կալանավորել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլիին

13:35   28 Հուլիս 2019    449

Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի նախկին պաշտպանության նախարար, «Հաղթանակած Վրաստան» կուսակցության առաջնորդ Իրակլի Օկրուաշվիլիի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է կալանքը։

Վերջինս ձերբակալվել էր հունիսի 21-22-ին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած հանրահավաքում անկարգություններ կազմակերպելու գործով։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հաղորդում է Նովոստի-Գրուզիա-ն՝ հղում կատարելով Հանրային հեռուստատեսությանը։

Օկրուաշվիլին բերման էր ենթարկվել հուլիսի 25-ին՝ դատարանի որոշման հիման վրա։ Նախօրեին նրան պաշտոնական մեղադրանք էր առաջադրվել բռնություն ենթադրող գործողություններ կազմակերպելու, ղեկավարելու և մասնակցելու առթիվ։

Շաբաթ օրը կայացած դատական նիստը, որի ընթացքում քննարկվել է Օկրուաշվիլիի և հունիսի 20-ի ակցիայի ևս երկու մասնակիցների խափանման միջոցը, փակ էր։ Դատավորն այդ որոշումը կայացրել էր լսումների սկզբից կարճ ժամանակ անց, քանի որ քաղաքական գործչի կողմնակիցներն աղմկում էին դահլիճում։

Օկրուաշվիլիի պաշտպանական կողմը խնդրում էր նրան ազատ արձակել հետաքննության ընթացքում առանց սահմանափակումների, սակայն դատարանը հայցը մերժել է։

Օկրուաշվիլիի հետ միասին դատարանը կալանավորել է հունիսի 20-ի ակցիայի ևս երկու մասնակիցների՝ Գեորգի Ջավախիշվիլիին և Թոռնիկե Դատաշվիլիին։

Ընդդիմության ներկայացուցիչները «Հաղթանակած Վրաստան» կուսակցության առաջնորդի կալանքը քաղաքական ճնշումների սկիզբ են համարում։ Նրանք իշխող «Վրացական երազանք»-ի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին ոչ ֆորմալ առաջնորդ են կոչել, որը 2020 թվականի խորհրդարանական ընտրությունների շեմին փորձում է ազատվել ընդդիմադիրներից։

Որոշ քաղաքական գործիչներ Օկրուաշվիլիի կալանքը «Ռուսթավի 2» բարձր վարկանիշ ունեցող ընդդիմադիր հեռուստաալիքի գործի հետ են կապել։

Ուրբաթ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ընդդիմության՝ Օկրուաշվիլիի կալանքը որպես քաղաքական քայլ շահարկումները, էժանագին սպեկուլյացիա է համարել։ Վարչապետը հայտարարել է, որ Վրաստանում կա արդար և օբյեկտիվ արդարադատություն, և կան անպատասխանատու քաղաքական գործիչներ, որոնք ցանկացած գործընթացից փորձում են կորզել սեփական քաղաքական միավորներն ու շահերը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները