Բրազիլիան հրաժարվել է հրդեհները մարելու համար G7-ի տրամադրած գումարից

14:07   27 Օգոստոս 2019    422

Բրազիլիան հրաժարվել է «Մեծ յոթնյակի» երկրների ֆինանսական օգնությունից՝ Ամազոնիայում անտառային հրդեհների դեմ պայքարի համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մենք գնահատում ենք (առաջարկը), բայց միգուցե այդ ռեսուրսները ավելի կարևոր են Եվրոպայում անտառվերականգնման համար»,- ասել է Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի աշխատակազմի ղեկավար Օնիքս Լորենցոնին:

Լորենցոնին նկատի է ունեցել Ֆրանսիայում, G7 գագաթնաժողովի ընթացքում, արևադարձային անտառներում բռնկված հրդեհների դեմ պայքարի համար 20 միլիոն դոլարի չափով ֆինանսական օգնության տրամադրման խոստումը:

Վարչակազմի ղեկավարը Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնին խորհուրդ է տվել նաև հոգ տանել սեփական երկրի մասին. «Մակրոնը նույնիսկ չի կարող խուսափել եկեղեցու կանխատեսելի հրդեհումից, որը Համաշխարհային ժառանգության օբյեկտ է: Ի՞նչ է նա մտադիր սովորեցնել մեր երկրին»,- նշել է Լորենցոնին, նկատի ունենալով ապրիլին Նոտր Դամում բռնկված խոշոր հրդեհը:

Ինչպես հաղորդվել էր, Բիարիցում G7 գագաթնաժողովի ընթացքում միջազգային առաջնորդները պայմանավորվել են գումար հատկացնել Ամազոնիայի անտառներում բռնկված հրդեհների դեմ պայքարին օգնելու համար:

Ամազոնիայի անձրևային անտառների, որոնք կոչվում են «մոլորակի թոքերը», ներկայիս հրդեհները, Բրազիլիայի տարածքում սկսվել են օգոստոսի սկզբին: Որոշ նահանգներում արտակարգ դրություն են հայտարարել: Հրդեհների թիվը մեծանում է:

Hayatsk.info

Հեշթեգներ: G7   Բրազիլիա  


Վերնագիրի այլ պիտակները