Բնակիչները բողոքի ակցիա են կազմակերպել

17:55   06 Սեպտեմբեր 2019    670

Վայոց ձորի մարզի Գետափ գյուղի բնակիչները Գետափ-Մարտունի ավտոճանապարհի մոտ սեպտեմբերի 5-ին բողոքի ակցիա են կազմակերպել, որին մասնակցել են նաև ուսուցիչներ ու դպրոցականներ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրանք ցանկանում են, որպեսզի այդ ճանապարհահատվածում կրկին արագաչափ տեղադրվի, որպեսզի խուսափեն ավտովթարներից, որոնք հաճախ մահվան ելքով են ավարտվել:

Բնակիչների խոսքով՝ արգելվում է արագաչափ տեղադրել այն հատվածներում, որտեղ սահմանված արագությունը 40 կմժ է, ուստի ողջ գյուղի անունից դիմում են կառավարությանը, Ճանապարհային ոստիկանությանը՝ նշված հատվածում սահմանել 60 կմժ արագություն ու արագաչափ տեղադրել:

«Ժողովրդի ուզածը մեծ բան չէ, պարզապես ցանկանում են, որ արագաչափը բերեն ու դնեն իր հին տեղը: Նախկինում 3 դժբախտ պատահար է եղել այդ հատվածում, արագաչափ տեղադրելուց հետո ամեն ինչ կարգավորվել է, սակայն 2018թ. մայիս-հունիս ամիսներին արագաչափը հանել են ու, քանի որ վտանգավոր հատված է, մարդիկ ամեն վայրկյան վատ լուրի են սպասում: Անգամ բնակիչները քննարկում էին երեխաներին դպրոց չուղարկելու հարցը: Խնդրել ենք, բացատրել, երաշխավորել, որ հարցին լուծում կտրվի: Ոնց որ թե դրական ազդակներ կան, խնդիրը երևի կլուծվի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գլաձոր խոշորացված համայնքի ղեկավար Արսեն Մովսիսյանը:

Նրա փոխանցմամբ՝ արագաչափը տեղադրվել է 2016 թվականին, որից հետո ավելի դանդաղ են մեքենա վարել, և վթարներ չեն եղել:

«Հասկանում եք, սա այնքան կարևոր է, որ մարդիկ ոտքի են կանգնել ու պահանջում են, որ կրկին արագաչափ տեղադրվի, այնինչ ուրիշ տեղերում կռիվ են անում, որ հանեն: Դպրոցն այդ հատվածից 80 մետր հեռավորության վրա է գտնվում»,- եզրափակեց համայնքի ղեկավարը:




Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները