Բոլիվիայի նախագահը հայտարարել է, որ չի պատրաստվում լքել պաշտոնը

10:04   09 Նոյեմբեր 2019    237

Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը հայտարարել է, որ չի պատրաստվում լքել պաշտոնը, թեև այդպես է պահանջում ընդդիմությունը և այդ առիթով բողոքի ցույցեր են ընթանում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին գրում է РИА Новости-ն:

«Քույրեր և եղբայրներ, ուզում եմ Ձեզ, ամբողջ Բոլիվիային և աշխարհին հայտնել, որ չեմ լքի պաշտոնս: Մեզ ընտրել է ժողովուրդը և մենք հարգում ենք սահմանադրությունը»,- ասել է նա:

Ավելի վաղ նախագահական մրցավազքում նրա հիմնական մրցակից Կառլոս Մեսան հայտարարել էր, որ երկրում 2020 թվականի հունվարի 22-ին պետք է նոր ընտրություններ անցկացվեն: Հրապարակված նամակում Մեսան Բոլիվիայի Կոնգրեսից պահանջել էր ստեղծել նոր Բարձրագույն ընտրական դատարան, որը պետք է վերահսկի ընտրությունները:

Հիշեցնենք, որ երկրի գործող նախագահ Էվո Մորալեսը հաղթել է ընտրությունների առաջին փուլում: Նա հավաքել է ձայների 47,07%-ը, իսկ նրա մրցակից Կառլոս Մեսան՝ 36,51%-ը: Առաջին փուլում հաղթանակ տանելու համար պետք է հավաքել ձայների 50%-ից ավելին, կամ ամենաքիչը 40%՝ մոտակա մրցակցին ձայների 10% տարբերությամբ հաղթելու պայմանով: Թեկնածուների միջև տարբերությունը կազմել է 10,56%, ինչը վկայում է Մորալեսի հաղթանակի մասին: Մասնակցությունն ընտրություններին կազմել է 88,31%:

Մորալեսը հոկտեմբերի 24-ին արդեն հայտարարել է իր հաղթանակի մասին: Ձայների հաշվարկը,ս ակայն, քննադատվել է ինչպես ընդդիմության, այնպես էլ Ամերիկյան պետությունների կազմակերպության կողմից, որոնք ընտրություններին մասնակցում էին դիտորդի կարգավիճակով: Ամերիկյան պետությունների կազմակերպությունը կոչ է արել երկրորդ փուլ անցկացնել: Բոլիվիայի մի շարք քաղաքներում քվեների հաշվարկի ժամանակ ցույցեր են սկսվել, որոնք վերաճել են անկարգությունների:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բոլիվիա  


Վերնագիրի այլ պիտակները