Ֆրանսիայում իր առաջին ազատ թռիչքն է կատարել CityAirbus աերոտաքսին

20:23   13 Հունվար 2020    299

Իր առաջին ազատ թռիչքն է կատարել թռչող տաքսին, որն ստեղծել է Airbus ավիաշինական կորպորացիայի Airbus Helicopters բաժանմունքը:

Այդ մասին հաղորդել է Le Parisien թերթը: Այդ նախագիծը ֆիրման իրականացնում է Փարիզի Տրանսպորտի ինքնավար վարչության հետ համատեղ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

CityAirbus ապարատը թռիչք է կատարել երկրորդ անգամ, 2019 թվականի մայիսին մեքենային ամրացված էին ապահովաճոպաններ: Այն ժամանակ փորձարկվել են սոսկ շարժիչները և թռիչքի վերահսկման համակարգերը: Իսկ այժմ խոսքը վերաբերում է գործնականում ավարտված ապարատին, որը կարող է օդով փոխադրել չորս ուղևոր և ընթանալ ժամում 120 կիլոմետր արագությամբ:

Թռչող տաքսու շարժիչներն աշխատում են էլեկտրական էներգիայով, իսկ դրա վերթիռն ու վայրէջքը կլինեն ուղղաձիգ: Ներկայում ծրագրի մասնակիցներն ակտիվորեն ուսումնասիրում են Փարիզի տարածաշրջանում՝ Իլ դը Ֆրանսում, դրա իրականացման հնարավորությունը: Խնդիր է դրվում մինչև 2024 թվականի Օլիմպիական խաղերը թռչող տաքսիներով ապահովել Փարիզի և Դիսնեյլենդի միջև ձգվող մայրուղին, ինչպես նաև ստեղծել ուղևորափոխադրման երթուղի Ռուասի և Սեն Դենի քաղաքների միջև:

Նախագծին մասնակցող փորձագետների կարծիքով՝ թռչող տաքսիների առևտրային կիրառումը, որը թույլ կտա վերացնել վերգետնյա տրանսպորտի ծանրաբեռնության մի մասը, հնարավոր կդառնա մինչև 2030 թվականը: Այդ ժամանակ կսկսվի Փարիզի և Վերսալի միջև երթուղիների սպասարկումը, ինչպես նաև կարգավորված կլինեն փոխադրումները դեպի Դեֆանս գործարար թաղամաս: Le Parisien թերթի տեղեկատվությամբ՝ այս պահին թռչող տաքսիները տեխնիկապես գրեթե լիովին պատրաստ են ուղևորներով թռիչքներին: Բայց դեռ պետք է կարգավորել այն հարցերը, որոնք կապված են այդ տրանսպորտային համակարգի ստեղծման և կառավարման հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները