Միշուստինը և Մեդվեդևը հանդիպել են ՌԴ կառավարության անդամների հետ

17:12   17 Հունվար 2020    289

ՌԴ նորանշանակ վարչապետ Միխայիլ Միշուստինը և նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանդիպել են կառավարության անդամների հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Չորեքշաբթի կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է տվել, սակայն մինչ նոր կազմի ձևավորվելը այն շարունակում է կատարել իր պարտականությունները:

Միշուստինն առավոտյան ժամանել է «Կրասնոպրեսնենսկայա նաբերեժնայա» փողոցում գտնվող Կառավարական տուն և Մեդվեդևի հետ ավելի քան մեկ ժամ զրույց ունեցել, որից հետո վերջիններս միասին դուրս են եկել կառավարության անդամների հետ հադիպման:

Մեդվեդևը շնորհակալություն է հայտնել բոլորին պատասխանատու մոտեցման համար և հույս հայտնել, որ մինչ նոր կառավարության ձևավորումը բոլորը կշարունակեն հավուր պատշաճի աշխատել:

«Այդպես էլ պետք է լինի նման իրավիճակներում, դրանք սովորական են ցանկացած երկրի համար և որևէ հատուկ բան իրենցից չեն ներկայացնում և ազդարարում են երկրում տեղի ունեցող այս կամ այն փոփոխությունների մասին` կլինեն դրանք սահմանադրական կամ այլ փոփոխություններ»,- ասել է նա:

«Պարզ ասեմ. շատ բան ստացվեց, ինչ-որ բան չստացվեց: Սակայն, իրապես, այնպես չի լինում, որ ամեն բան միանգամից ստացվի, քանի որ շատ հավակնոտ նպատակներ են, շատ բարդ և շատ կարևոր մեր երկրի համար»,- ընդգծել է կառավարության նախկին ղեկավարը:

Դիմելով ներկաներին` նա նշել է, որ նախարարներն աշխատել են «բացառապես բարեխղճորեն», և շնորհակալություն է հայտնել նրանց հայրենիքին մատուցած ծառայության համար:

Մեդվեդևն «առավելագույն հաջողություններ» է մաղթել նոր կառավարությանը և դրա ղեկավարին` դրված նպատակներին հասնելու համար:

Միշուստինը, իր հերթին, նշել է. «Ես նույնպես եղել եմ այս կառավարության անդամ, բոլոր գործընկերներին անձամբ գիտեմ: Ուզում եմ ասել, որ այսօր բոլորը նախագահի հրամանի համապատասխան շարունակում են կատարել իրենց պարտականությունները: Խնդրում եմ շարունակել նույն կերպ»:

Վարչապետը խոստացել է բոլոր խորհրդակցություններից և կառավարական կազմի մասին հայտարարություններից հետո նոր հանդիպում անցկացնել:

Բացի այդ, Միշուստինն ընդգծել է նախագահի ուղերձի դրույթների կատարման կարևորությունը:

«Այս պահի համար ամենակարևորը նախագահի` Դաշնային խորհրդին ուղղված ուղերձն է, որի կատարմամբ էլ այժմ զբաղվում ենք»,- ասել է նա` ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով նախկին կառավարության գործընկերներին կատարած աշխատանքի համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Միշուստին   Մեդվեդև  


Վերնագիրի այլ պիտակները