ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Սենատ է ուղարկել Թրամփի պաշտոնանկության հարցով 111 էջանոց փաստաթուղթ

11:04   19 Հունվար 2020    310

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Սենատ է ուղարկել 111 էջանոց փաստաթուղթ, որում ներառված են երկրի նախագահ Դոնալդ Թրամփին պաշտոնանկ անելու բոլոր հիմնավորումները:

Համաձայն փաստաթղթի՝ Թրամփը խախտել է իր երդումը և կորցրել է հասարակության վստահությունը, գրում է Associated Press-ը:

Գործակալության տվյալներով՝ Սենատ ուղարկված փաստաթղթում ներառված են վկաների հանրային և գաղտնի ցուցմունքները, որոնք տրվել են Ներկայացուցիչների պալատում իմպիչմենթի հարցով լսումների ժամանակ: Փաստաթղթում իմպիչմենթը անվանվում է քաղաքական, այլ ոչ թե իրավական գործընթաց, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ներկայացուցիչների պալատի «իմպիչմենթի մենեջերները» գրում են, որ «ճնշող մեծամասնության դեպքում ապացույցները հաստատում են» Թրամփի մեղավորությունն իրեն առաջադրված մեղադրանքներում:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քվեարկել էր նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության օգտին՝ «լիազորությունների չարաշահում» հոդվածով, վկայում են քվեարկության արդյունքները:

Խորհրդարանական մեծամասնությունը՝ ի դեմս դեմոկրատների, քվեարկել է Թրամփի պաշտոնանկության օգտին, հանրապետականները դեմ են քվեարկել: Պաշտոնանկության առաջին հոդվածով կողմ է քվեարկել 230 կոնգրեսական, այդ թվում՝ 1 անկախ պատգամավոր, դեմ՝ 197, այդ թվում՝ երկու դեմոկրատ: Մեկ մարդ ձեռնպահ է մնացել:

Քվեարկությունը տեղի է ունեցել երկու հոդվածով՝ լիազորությունների չարաշահում և Կոնգրեսի աշխատանքի խոչընդոտում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները