Չինաստանի իշխանությունները Ուխանյայի օդանավակայանում տեղադրել են դետեկտորներ նոր կորոնավիրուսը հայտնաբերելու համար

21:23   19 Հունվար 2020    362

Կիրակի Չինաստանի հիգիենայի եւ սանիտարական վերահսկողության մարմինները տեղադրել են հատուկ դետեկտորներ նոր տիպի կորոնավիրուսը հայտնաբերելու համար Ուխանյայի օդանավակայանում եւ կայարաններում, որտեղ գրանցվել է հիվանդության համաճարակը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով «Սինցզինբաո» թերթին:

Դրա տվյալներով՝ ստուգումները կիրականացվեն նաեւ հիմնական ավտոմայրուղիների երկայնքով, որոնք տանում են դեպի քաղաք: Իշխանությունները նաեւ ուղարկել են մասնագետներ այդտեղ, որտեղ գտնվում են գլխավոր տրանսպորտային հանգույցները:

Կիրակի Ուխանյա քաղաքի հիգիենայի եւ առողջապահության հարցերով հանձնաժողովը հայտարարել էր, որ բժիշկները երկրի տարածքում գրանցել են նոր տիպի թոքաբորբի 17 նոր դեպքեր: Բոլոր վարակված հիվանդներին ցուցաբերվել է բժշկական օգնություն: Նրանցից երեքի վիճակը գնահատվում է ծանր: Համաձայն պաշտոնական հայտարարության՝ ներկայումս գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 62 դեպք, 19 հիվանդներն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից:


Դեկտեմբերի 31-ին Չինաստանի կառավարությունը տեղեկացրել էր Առողջապահական համաշխարհային կազմակերպությանը երկրի կենտրոնական մասում տեղակայված Ուխանյա քաղաքում անհայտ թոքաբորբի համաճարակի մասին: Հունվարի 7-ին չինացի մասնագետները հաստատել էին հիվանդության հարուցիչներին. դա կորոնավիրուս 2019-nCoV-ն է: Նոր հիվանդության կասկածանքով բոլոր դեպքերը ենթարկվել են լաբորատոր թեստավորման: Արդյունքում հնարավոր պաթոգենների ցանկից բացառվել էին այնպիսի շնչառական հիվանդությունների հարուցիչները, ինչպիսիք են գրիպը, թռչնի գրիպը, ծանր սուր շնչառական համախտանիշը (ТОРС կամ SARS՝ հայտնի որպես ատիպիկ թոքաբորբ) եւ մերձարեւելյան շնչառական համաշխատնիշը (MERS):

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան   Ուխանյա  


Վերնագիրի այլ պիտակները