Հրապարակվել է Իրանում ուկրաինական Boeing 737-ի խոցման վերաբերյալ երկրորդ նախնական զեկույցը

09:48   21 Հունվար 2020    279

Իրանի Քաղաքացիական ավիացիան հրապարակել է ուկրաինական Boeing 737-800 օդանավի կործանման մասին երկրորդ նախնական զեկույցը, որը վկայում է այն մասին, որ ինքնաթիռը խոցել են «ցամաք-օդ» կարգի, փոքր հեռահարության «Տոր - Մ1» ԶՀՀ 2 հրթիռ:

Այս մասին հաղորդվում է իրանական գերատեսչության կայքում, գրում է РИА Новости-ն:

Զեկույցում նշվում է, որ «ցամաք-օդ» կարգի «Տոր - Մ1» 2 հրթիռները Boeing 737-800-ի ուղղությամբ արձակվել են հյուսիսից: Հարվածից հետո ինքնաթիռը, որը գտնվելիս է եղել բնակելի թաղամասի վրա, սկսել է կտրուկ կորցնել բարձրությունը, ինչից հետո ժամանցային գոտում բախվել է «խոչընդոտների» և ընկել գետնին: Դրանից հետո ինքնաթիռն անցել է ֆուտբոլային դաշտով, ամբողջությամբ այրվել և կործանվել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Համաձայն փաստաթղթի՝ ինքնաթիռը Թեհրանից թռիչքը սկսել է տեղի ժամանակով 6.12-ին, Boeing-ի հետ կապն ընդհատվել է, երբ այն գտնվել է մոտ 2.4 կմ բարձրության վրա: Նշվում է, որ ինքնաթիռը երկրորդային շրջադիտային ռադարներից անհետացել է 6.15-ին, իսկ առաջնային շրջադիտային ռադարներից՝ 6.18-ին: Ըստ առաջնային շրջադիտային ռադարների ցուցիչների՝ Մեհրաբադ օդանավակայանում 6.15-ին ինքնաթիռը շեղվել է ուղեգծից և սկսել աջ շրջադարձ և, «հավանաբար», մոտ 3 րոպե շարունակել թռիչքը դեպի օդանավակայան, ինչից հետո ռադարներից անհետացել է մոտավորապես 6.18-ին:

Հիշեցնենք, որ Թեհրանի օդանավակայանից մեկնելուց անմիջապես հետո Կիև թռչող Boeing 737-800 օդանավը լույս հունվարի 8-ին վթարի էր ենթարկվել: Ըստ պաշտոնական տվյալների` վթարի հետևանքով մահացել է 176 մարդ` Իրանի, Ուկրաինայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Շվեդիայի և Աֆղանստանի քաղաքացիներ:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին Twitter սոցիալական կայքի իր էջում հայտնել էր, որ «Զինված ուժերի ներքին հետաքննության արդյունքում պարզվել է, որ մարդկային սխալի պատճառով արձակված հրթիռներն են հանգեցրել ուկրաինական ինքնաթիռի սարսափելի աղետին և 176 անմեղ մարդկանց մահվանը»: Վթարի ենթարկված ուկրաինական ինքնաթիռի զոհերի մարմինները տեղափոխվել են Ուկրաինա:

Ուկրաինա է տարվել 11 մարմին, որոնցից 9-ը խոցված ինքնաթիռի անձնակազմի անդամներ և երկուսը ուղևորներ են եղել։ Օդանավակայանում դիերի դիմավորման արարողությանը մասնակցել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը և «Վերին Ռադայի» խոսնակ Դմիտրի Ռազումկովը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան   Boeing  


Վերնագիրի այլ պիտակները