Լռե՛ք, երբ ես խոսում եմ. Ընդհարում Արման Բաբաջանյանի և «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավորների միջև

11:53   21 Հունվար 2020    591

Լռե՛ք, երբ որ ես խոսում եմ։ Խորհրդարանական ամբիոնից այսպես դիմեց «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավորներին Հայաստանի ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

Պատգամավորի և ԲՀ խմբակցության պատգամավորների մեջ ընդհարում տեղի ունեցավ։ Պատճառը «օրենքով գողերի» վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի ելույթն էր, որի ժամանակ վերջինս դիմեց Արդարադատության նախարարին՝ խնդրելով պարզաբանել՝ ինչ է նշանակում գողական աշխարհ և ով կարող է տալ դրա սահմանումը։

Հաջորդիվ ելույթ ունեցող պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ելույթում այսպես արձագանքեց. «Հույս ունեմ, որ «Բարգավաճ Հայաստան»-ի անունից ինչ-որ մեկն այստեղ պետք է ներողություն խնդրի իրենց գործընկերոջ այս խայտառակ պահվածքի համար և ԱԺ նախագահին կոչ եմ անում, որպեսզի անպայման արձագանքի այս անթույլատրելի պահվածքին»,-նշեց Արման Բաբաջանյանը, ում խոսքին արձագանքեցին ԲՀԿ պատգամավորները, որին ի պատասխան Աման Բաբաջանյանն ասաց. «Լռե՛ք, երբ որ ես խոսում եմ»։

Ելույթից անմիջապես հետո Արման Բաբաջանյանը և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներն ընդհարվեցին, ինչի արդյունքում տեղի ունեցավ քաշքշուք, հրմշտոց, միմյանց հասցեին հնչեցին հայհոյանքներ։ «Չափդ ճանաչի»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը՝ Արման Բաբաջանյանին։ Մի քանի րոպե ԱԺ նախագահին և մյուս խմբակցությունների պատգամավորներին չէր հաջողվում հանդարտեցնել նրանց։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ նկատողություն արեց պատգամավորներին՝ ասելով. «Պատգամավորներն այստեղ խոսում են մի ձևով՝ հերթագրվում են, խոսում են ամբիոնից և չեն կարող հետապնդվել իրենց ելույթների համար։ Ով այս նորմերը չի գիտակցում, թող հրաժարվի պատգամավորական մանդատից ու գնա հայաթում՝ բիսեդկեն լռվի»,-ասաց Հայաստանի ԱԺ նախագահը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները