Amazon-ի տնօրենի բջջայինը կոտրել են սաուդյան արքայազնի հեռախոսից. The Guardian

11:53   22 Հունվար 2020    240

Ամերիկյան Amazon ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսի բջջային հեռախոսը կոտրել են վնասակար ֆայլի օգնությամբ, որը, դատելով ըստ ամենայնի, նրան ուղարկել է Սաուդյան Արաբիաի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդը։

Նման հավաստիացմամբ հանդես է եկել բրիտանական The Guardian թերթը՝ վկայակոչելով Բեզոսի բջջային քրեագիտական հետազոտության արդյունքներին ծանոթ աղբյուրներին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Թերթի զրուցակիցների տվյալներով՝ լրտեսական ծրագիրը կարող էր բեռնվել Բեզոսի հեռախոսում 2018 թվականի մայիսին տեսաֆայլի միջոցով, որը Սաուդյան Արաբիայի թագաժառանգն իբր ուղարկել էր նրան WhatsApp հավելվածի միջոցով։ Դրանից հետո մի քանի ժամվա ընթացքում, հավաստիացնում են թերթի աղբյուրները, Amazon-ի ղեկավարի հեռախոսից հանվել է ֆայլերի հսկայական քանակություն։ Թերթն ընդգծում է, որ տեղեկություն չունի, թե ինչպես են օգտագործվել հաքերային գրոհի հետեւանքով ստացված տվյալները։

Անցած տարվա մարտին Բեզոսի վարձած մասնավոր խորհրդական Գեւին դը Բեքերն ասել էր, որ իր հաճախորդի հեռախոսը կոտրվել է հաքերների կողմից, որոնք աշխատում են Սաուդյան Արաբիայի կառավարության համար։ Մի քանի ամիս հետո Բեզոսի, որը գլխավորում է մոլորակի ամենահարուստ մարդկանց ցուցակը Forbes ամսագրի վարկածով, սմս-ները եւ նրա լուսանկարները սիրուհու հետ հայտնվեցին National Enquirer պարբերականի տրամադրության տակ, որը պատկանում է American Media ընկերությանը։ Դը Բեքերը հաքերների արարքը բացատրել է Էր Ռիադի ցանկությամբ՝ վնասել Բեզոսին, երբ նրան պատկանող The Washington Post թերթը սկսել էր ակտիվորեն լուսաբանել լրագրող Ջամալ Խաշղաջիի սպանությունը։

Էր Ռիադի քաղաքականության մասին քննադատական հոդվածներով հայտնի Խաշղաջին 2017 թվականից ապրում էր ԱՄՆ-ում, որտեղ The Washington Post-ի համար հոդվածներ էր գրում։ Նա անհայտ կորել էր Ստամբուլում իր երկրի գլխավոր հյուպատոսություն 2018 թվականի հոկտեմբերի 2-ի այցելությունից հետո։ Հոկտեմբերի 20-ին սաուդյան իշխանությունները տեղեկացրին, որ լրագրողը սպանվել է դիվանագիտական առաքելության շենքում կոնֆլիկտի հետեւանքով։ 2019 թվականի դեկտեմբերին Սաուդյան Արաբիայում այդ գործով հինգ մեղադրյալ դատապարտվեց մահապատժի, եւս երեքը դատապարտվեց ընդհանուր առմամբ 24 տարվա ազատազրկման, գործով անցնում էր 11 մարդ։

Amazon-ի ղեկավարի փաստաբանը պարբերականի՝ վնասակար ֆայլի առաքմանը թագաժառանգի մասնակցությունը մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան սահմանափակվել է ասելով, որ Բեզոսը «համագործակցում է քննության հետ»։ Վաշինգտոնում Սաուդյան Արաբիայի դեսպանությունը մեկնաբանություններ չի տվել The Guardian-ին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Amazon  


Վերնագիրի այլ պիտակները