Նուրսուլթան Նազարբաևի թոռը հայտարարել է «իրեն սպանելու փորձերի» մասին

17:46   22 Հունվար 2020    505

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի թոռը` Այսուլթան Նազարբաևը, որն ինքնասպանության փորձ էր կատարել և դատապարտվել էր 1 տարվա պայմանական ազատազրկման Մեծ Բրիտանիայում ոստիկանի վրա հարձակվելու համար, հայտարարել է, որ իրեն ցանկանում են սպանել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է lenta.ru կայքը:

Այսօր` հունվարի 22-ին, Այսուլթանի ֆեյսբուքյան էջում տարօրինակ գրառումներ են հայտնվել:

Նազարբաև կրտսերը հայտարարել է, որ գտնվում է անգլիական հիվանդանոցում, եղել է բանտում և խնդիրներ է ունեցել ազգականների հետ:

«Ես կարծում եմ, որ իմ պապը կարող է ձեզ ամեն ինչ պատմել»,-գրել է նա:

«Շուտով նրանք կփորձեն կա՛մ սպանել ինձ, կա՛մ ապացուցել, որ ես խելագար եմ, կա՛մ էլ իմ հոր պես կկախեն բանտախցում: Իմ ուժն Ալլահի, նրա որդի Հիսուսի և Սուրբ հոգու հետ է»,- հայտարարել է Այսուլթանը:

Նախկին նախագահի թոռը կոչ է արել Մեծ Բրիտանիայի թագուհուն զանգահարել Նուրսուլթան Նազարբաևին և ներողություն խնդրել, որ ինքը «վախեցել է իրավիճակին միջամտելուց»:

«Իմ մայրը պապիկին իր ազդեցության տակ էր պահում այն պատճառով, որ ես իր որդին եմ»,-հավելել է Այսուլթանը:

Նա նաև կոչ է արել բոլորին մտածել, թե արդյոք «մենք ցանկանում ենք ապրել Աստծուց այսքան հեռու երկրում»:

2019 թվականի հուլիսին նա կծել էր ոստիկանին, որը փորձել էր խանգարել նրան ինքնասպանություն գործել: Ղազախստանի նախկին նախագահի 30-ամյա թոռանն այդ արարքի համար դատապարտել էին 1 տարվա պայմանական ազատազրկման, 140 ժամ հասարակական աշխատանքների, մի քանի հազար ֆունտ ստերլինգ տուգանքի և վնասի փոխհատուցման, ինչպես նաև ստիպել են բուժում անցնել թմրանյութերի կախվածությունից` այցելելով առնվազն 20 բժշկական սեանսի:

Այսուլթանի հայրը` Ռահաթ Ալիևը, մինչև 2008 թվականն ամուսնացած է եղել Նազարբաևի դստեր` Դարիգայի հետ: 2015 թվականին նա մահացած է հայտնաբերվել ավստրիական բանտում, որտեղ գտնվում էր բանկի երկու աշխատակիցների սպանության մեղադրանքով: Ղազախստանում Ալիևին մեղադրել էին իշխանությունը զավթելու ծրագրի և հանցավոր խումբ ստեղծելու համար և դատապարտել էին 40 տարվա ազատազրկման: Ղազախստանը երկու անգամ դիմել էր Ավստրիային` Ալիևին արտահանձնելու պահանջով, սակայն մերժում էր ստացել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նազարբաև  


Վերնագիրի այլ պիտակները