Կանադայում ձնագնացներով երթևեկող զբոսաշրջիկների խումբը սառույցի տակ է հայտնվել

10:27   23 Հունվար 2020    219

Կանադայի Քվեբեկ նահանգի սառցապատ լճերից մեկում ձնագնացներով զբոսնողների խումբը սառույցի տակ է հայտնվել:

CBC հեռուստաալիքի փոխանցմամբ՝ 1 մարդ զոհվել է, ևս հինգն անհետ կորած են համարվում:

Միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի երեկոյան Լակ Սեն-Ժան լճում, որը գտնվում է Մոնրեալ քաղաքից 500 կմ հեռավորությամբ: Պարզվել է, որ 8 ֆրանսիացի զբոսաշրջիկներից կազմված խումբը տեղի էքսկուրսավարի ուղեկցությամբ զբոսնելիս է եղել սառած ջրային տարածքում, երբ ձնագնացներից մի քանիսը հանկարծակի սառույցի տակ են անցել:

Շարասյան վերջում ընթացողներից երկուսը հասցրել են արգելակել և ջրից դուրս բերել զբոսաշրջիկներից մեկին: Դեպքի վայր ժամանած փրկարարները ջրից հանել են 42-ամյա էքսկուրսավարին, որն այսօր առավոտյան մահացել է հիվանդանոցում: Եվս հինգի որոնումները շարունակվում են:

Ոստիկանության տվյալներով՝ այդ լճում ձնագնացներով երթևեկության համար հատուկ ուղի կա, որն ամեն օր ստուգվում է անվտանգության նկատառումներից ելնելով, սակայն զբոսաշրջիկների այս խումբն անհայտ պատճառներով շեղվել է այդ ուղուց:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կանադա  


Վերնագիրի այլ պիտակները