ԱՄՆ զինվորականները շուտ չեն հեռանա Մերձավոր Արեւելքից. ամերիկյան գեներալ

17:34   24 Հունվար 2020    309

Վերջին ութ ամիսներին Միացյալ Նահանգներն ավելի քան 20 հազար լրացուցիչ զինծառայող է ուղարկել Մերձավոր Արեւելք, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Չնայած նախագահ Դոնալդ Թրամփի խոստումներին, թե զինվորականներին տուն կուղարկի, Մերձավոր Արեւելքում ԱՄՆ ԶՈւ հրամանատար, ծովային հետեւակի գեներալ Ֆրենկ Մակքենզին ասել է, որ վերջերս եկած զինծառայողները կարող են «բավական երկար» մնալ տարածաշրջանում։

«Դուք այստեղ եք, որովհետեւ ես եմ խնդրել ձեզ գալ»,- ասել է Մակքենզին ԱՄՆ «Բաթաան» դեսանտային նավի նավաստիներին ու ծովային հետեւակայիններին, նրա ձայնը հնչել է նավի բարձրախոսից։ «Վստահ չեմ, թե որքան երկար կմնաք այստեղ։ Մենք դա կորոշենք առաջ ընթանալուն զուգընթաց։ Դա կարող է ինչ-որ ժամանակ զբաղեցնել»։

Հունվարի 11-ին «Բաթաանը» եւ ԱՄՆ երկու այլ զինվորական նավեր մեկնել էին Մերձավոր Արեւելք։ Նախօրեին դրանք արդեն Կարմիր ծովի հյուսիսում էին։ Անցած տարվա մայիսից ամերիկյան զինվորականների թիվը ավելացել է՝ հասնելով մինչեւ 80 000 մարդու։

«Իրանը նախկինի պես շատ իրական սպառնալիք է ներկայացնում»,- ասել է Մակքենզին լրագրողներին։ «Ես կարծում եմ, որ նրանք հիմա զսպում են իրենց, համենայնդեպս, պետությունն ընդդեմ պետության գործողություններից։ Եվ դրա համար ես կարծում եմ, որ առայժմ սպառնալիքը պահպանվում է, մենք գտնվում ենք մի շրջանում, երբ նրանք սրացում չեն ցանկանում»։

Միեւնույն ժամանակ, նա ավելացրել է, որ «իրանական պրոքսի-ուժերը, որոնք կարող են հարված հասցնել Իրանի առաջնորդների ցուցումով կամ առանց դրա, նախկինի պես սպառնալիք են ներկայացնում»։ Նա նշել է, որ «Իրանի հարձակումները Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա անցած աշնանը անսպասելի էին»։

«Իրանին շատ դժվար է «հաշվարկել»,- ասել է Մակքենզին»։ «Ուստի ես կասեի, որ փաստը, որ որոշ ժամանակ ամեն բան խաղաղ է, չի նշանակում, թե իրավիճակը բարելավվում է»։

«Իրանական հետագա գրոհները» կանխելու համար Մակքենզին խնդրել է «Բաթաանի» դեսանտային մարտական նավախմբին շեղվել նախնական առաքելությունից Եվրոպայում եւ Սուեզի ջրանցքով գալ Կարմիր ծով։ Այս երեք նավերում մոտ 2500 ծովային հետեւակ եւ 1500 նավաստի կա։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները