Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում լքված երեխաների ծնողների ինքնությունը պարզվել է

13:32   28 Հունվար 2020    219

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում երկու երեխաներին լքած հայրը հայտարարել է, որ տղաներին մորը չի վստահել, հայտնում է lenta.ru կայքը:

Երեխաների հայրը` Վիկտոր Գավրիլովը, վերջին ժամանակներս անվտանգության մասնավոր ընկերությունում է աշխատել, գործուղումների ժամանակ տղաներին Սոցիալական աջակցության կենտրոնում է թողել, իսկ ավարտից հետո նորից հետ վերցրել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Տղաների մայրը` Օլգան, նախքան վերջնական հեռանալը մի քանի անգամ լքել է ընտանիքը: Կնոջ հարազատները մինչև վերջին պահը նրա գտնվելու մասին տեղեկություններ չեն ունեցել: Վերջիններս պարբերաբար ցանկացել են օգնել երեխաներին, սակայն հայրն արգելել է նրանց հետ շփումը:

Ընտանիքը սոցիալական ապահովության մարմիններում և անապահովների ցուցակներում գրանցված չի եղել: Ավելի վաղ ընտանիքի մայրն էլ իր հերթին նշել էր, որ տղամարդը հաճախ է ծեծի ենթարկել իրեն, իսկ ոստիկանությունը ամուսնու կապերի պատճառով ոչ մի քայլ չի ձեռնարկել:

Ամուսնալուծությունից հետո դատարանը որոշել է երեխաներին հոր հետ թողնել: Տեղեկությունների համաձայն` կինը նոր ընտանիք ունի և հայտարարել է, որ պատրաստ է երեխաներին իրեն վերցնել, սակայն վերջինիս նկատմամբ քրեական գործ է հարուցված` ծնողական պարտականությունների չկատարման համար:

Նշվում է, որ երեխաներին հիվանդանոցում հոգեբաններ ու բժիշկներ են այցելել: Նրանց խոսքով` երեխաները լավ վիճակում են գտնվում, ուրախ են և հեշտ են շփման մեջ մտնում: Երեխաների խնամակալության վերաբերյալ որևէ հստակ որոշում դեռևս չի կայացվել, սակայն նրանց կրկին Խաբարովսկի երկրամաս ուղարկելու մտադրություններ կան:

Ինչպես ավելի վաղ նշվել էր, Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի աշխատակիցներն առանց ծնողների ուղեկցության երկու երեխայի են նկատել, որոնց, ինչպես ավելի ուշ հայտնի է դարձել, Խաբարովսկի երկրամասից Մոսկվա ժամանելուց հետո լքել է հայրը:

Աշխատակիցների խոսքով` 6 և 9-ամյա տղաների պայուսակում երկուսի ծննդյան վկայականներն ու մի գրություն են գտել, ըստ որի` հայրը գումար չունենալու պատճառով է լքել երեխաներին և խոստացել է ավելի ուշ մանկատնից վերցնել նրանց:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոսկվա   Շերեմետևո  


Վերնագիրի այլ պիտակները