Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 106-ի, վարակվածներինը` 4515-ի

13:54   28 Հունվար 2020    196

Չինաստանում կորոնավիրուսի նոր տեսակի առաջացրած թոքաբորբով հիվանդացածների ընդհանուր թիվը հասել է 4515-ի, որից 106-ը մահացել է, ասվում է ՉԺՀ առողջապահության պետական կոմիտեի տարածած հայտարարության մեջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ավելի վաղ պաշտոնական տեղեկություններ էին հաղորդվել 2744 հիվանդի և 80 մահացածի մասին: Մեկ օրվա ընթացքում հաստատվել է վիրուսով վարակման 1771 նոր դեպք, ինչպես նաև գրանցվել է մահվան 26 դեպք (քսանչորսը` Հուբեյ նահանգում, մեկական դեպք` Պեկինում և Հայնանում), տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հոնկոնգում բացահայտվել է վարակման 8, Մակաոյում` 7, Թայվանում`5 հաստատված դեպք: Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:

Հիվանդության դեպքեր են գրանցվել նաև Ավստրալիայում, Վիետնամում, Հարավային Կորեայում, Մալայզիայում, Նեպալում, Սինգապուրում, ԱՄՆ-ում, Թաիլանդում, Ֆրանսիայում, Կամբոջայում և Ճապոնիայում:

Մեկ օր առաջ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի գիտնականները շրջակա միջավայրի վերլուծություն են իրականացրել և հաստատել են, որ 2019-nCoV-ի հավանական աղբյուրն Ուհան նահանգի Հուանանի մեծածախ առևտրի շուկան է:

Բացի այդ, այն նման է Չժեցզյան նահանգի Չժոուշան քաղաքում բնակվող չղջիկների օրգանիզմի կորոնավիրուսին: Ջերմությունը, հազը, շնչահեղձությունը համարվում են վարակի հիմնական ախտանշանները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները