ԱՀԿ-ն և Չինաստանը համատեղ պայքարելու են կորոնավիրուսի դեմ

16:55   28 Հունվար 2020    274

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Գեբրեյեսուսը և Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին հունվարի 28-ին պատրաստակամություն են հայտնել համագործակցել նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պայքարում, որն արդեն 106 մարդու կյանք է խլել:

Hayatsk.info-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին նշված է Չինաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

«ԱՀԿ-ն հույս ունի ամրապնդել համագործակցությունը Չինաստանի հետ և պատրաստ է Պեկինին անհրաժեշտ օգնություն տրամադրել»,-հայտարարել է Գեբրեյեսուսը:

Վան Ին իր հերթին շնորհակալություն է հայտնել ԱՀԿ-ի տնօրենին կառույցի օբյեկտիվ և արդար դիրքորոշման համար: «Չինաստանը նույնպես պատրաստ է ուժեղացնել համագործակցությունը միջազգային կազմակերպությունների, մասնավորապես Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ` պահպանելով բաց և թափանցիկ հարաբերությունները»,-նշել է Վան Ին:

ՉԺՀ-ի առողջապահության կոմիտեի վերջին տվյալներով` Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով հիվանդների թիվը հասել է 4515-ի, որոնցից 106-ը մահացել է: Վարակի դեպքեր են գրանցվել Հոնկոնգում, Մակաոյում, Թայվանում, Թալյանդում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Վիետնամում, Սինգապուրում, Նեպալում, Ֆրանսիայում, Ավստրալիայում, Մալազիայում, Գերմանիայում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՀԿ   Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները