Բոլթոնը քննադատել Է Թրամփին, բայց հուսով է, որ Սպիտակ տունը թույլ կտա իր գրքի լույսընծայումը

15:19   18 Փետրվար 2020    238

Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի նախկին օգնական Ջոն Բոլթոնը քննադատել է Դոնալդ Թրամփի վարչակազմի արտաքին քաղաքական ուղեգիծը մի շարք երկրների նկատմամբ՝ ըստ որում հույս հայտնելով, թե Սպիտակ տունն ի վերջո կդադարեցնի առարկություններն իր գրքի հրապարակման դեմ, որը պատմում է այդ թվում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Միացյալ Նահանգների ղեկավարի զրույցի մասին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին Բոլթոնը հայտարարել է փետրվարի 17-ին՝ ելույթ ունենալով Դյուկի համալսարանում (Հյուսիսային Կարոլինայի նահանգ), նրա ելույթից մեջբերումներ է հեռարձակել CNN հեռուստաընկերությունը:

Բոլթոնի խոսքով՝ «միանգամայն ակնհայտ էր, որ (ԿԺԴՀ-ի նկատմամբ Թրամփի ուղեգիծը) ձախողում կկրի»: «Չկա ոչ մի ապացույց, թե Հյուսիսային Կորեայի իշխանությունները ռազմավարական որոշում են ընդունել հրաժարվելու միջուկային սպառազինություններ ունենալու ձգտումից»,- մեջբերում է հեռուստաընկերությունը Բոլթոնի խոսքը: Նաեւ նա պարզորոշ հասկանալ է տվել, որ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնականի պաշտոնում հանդես է եկել Իրանի նկատմամբ ուղեգծի էլ ավելի խստացման օգտին՝ ընդհուպ մինչեւ այդ երկրի ղեկավարության փոխարինումը: «Ես չեմ կարծում, թե մենք (ԱՄՆ-ն) առավելագույն ճնշում ենք գործադրում (Թեհրանի վրա)»,- ասել է Բոլթոնը:

The Wall Street Journal թերթի տվյալներով՝ Բոլթոնը ելույթի ընթացքում նաեւ կարծիք է հայտնել ՌԴ-ի նկատմամբ Թրամփի «ոչ բավականաչափ խիստ» քաղաքականության մասին: Թրամփի նախկին օգնականը հիասթափեցրել է լրագրողներին եւ հանրությանը, որոնք նրանից իր գրքում շարադրված հայտնությունների էին սպասում: «Ես հուսով եմ, որ այն չեն արգելի»,- նշել է Բոլթոնը: Նա հրաժարվել է հայտնել ԱՄՆ-ի նախագահի հետ մի շարք գաղտնի զրույցների բովանդակությունը՝ հույս հայտնելով, թե «երբեւիցե դրանք հասարակայնության սեփականությունը կդառնան»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բոլթոն  


Վերնագիրի այլ պիտակները