Հաագայի դատարանը Ռուսաստանին պարտավորեցրել է 50 միլիարդ դոլար վճարել ՅՈՒԿՕՍ-ի գործով

16:08   18 Փետրվար 2020    249

Հաագայի Վերաքննիչ դատարանը Ռուսաստանին պարտավորեցրել է 50 միլիարդ դոլար վճարել ՅՈՒԿՕՍ նավթային ընկերության նախկին բաժնետերերին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Իրավական պաշտպանության միջազգային կենտրոնի ղեկավար Անդրեյ Կոնդակովին, որն այս գործում պաշտպանում է Ռուսաստանի շահերը:

Որոշումից հետո ՌԴ արդարադատության նախարարությունը նշել է, որ Մոսկվան «վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկելու է Նիդեռլանդների գերագույն դատարանում»:

Նախարարությունում ընդգծել են, որ դատարանը «անտեսել է ընկերության նախկին բաժնետերերի անբարեխիղճ ներդնողներ լինելու փաստը»: Նշվել է, որ այս կազմակերպության ակտիվների նկատմամբ վերահսկումը տվյալ անձանց կողմից ստացվել է մի շարք ապօրինի գործողությունների, այդ թվում՝ դավադրությունների և պաշտոնատար անձանց կաշառելու միջոցով:

«Նախկին մեծամասնական բաժնետերերի կողմից ՅՈՒԿՕՍ-ի կառավարման ընթացքում իրականացվել է հարկերից զանգվածային կերպով խուսափելու, ակտիվները ապօրինի կերպով արտասահման տեղափոխելու, փողերի լվացման և շատ այլ անօրինական քայլեր»,-ասված է ՌԴ արդարադատության նախարարության հայտարարության մեջ:

2014-ի հուլիսին Հաագայի Վերաքննիչ դատարանը միաձայն բավարարել էր ՅՈՒԿՕՍ-ի նախկին բաժնետերերի դատական հայցը և Ռուսաստանին պարտավորեցրել էր վճարել 50 միլիարդ դոլար: Մոսկվան բողոքարկել էր այդ որոշումը:

2016 թվականի ապրիլին Հաագայի շրջանային դատարանը չեղյալ հայտարարեց որոշումը ՝ բացատրելով, որ գործը Հաագայի Վերաքննիչ դատարանի քննության շրջանակներում չէ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հաագա   ՅՈՒԿՕՍ  


Վերնագիրի այլ պիտակները