20 տարում՝ 54 մլրդ դոլար. հայտնի է՝ որքան գումար է Բիլ Գեյթսի հիմնադրամը տրամադրել բարեգործությանը

13:42   19 Փետրվար 2020    256

Աշխարհի երբեմնի ամենահարուստ մարդը համարվող Բիլ Գեյթսը կնոջ՝ Մելինդայի հետ հրապարակել են արդեն ավանդական դարձած նամակը, որում անդրադարձել են իրենց բարեգործական հիմնադրամի գործունեությանը:

Ինչպես նշում է forbes.ru-ն, այս տարի Բիլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամը տոնում է ստեղծման քսանամյակը: Ամուսինները պատմել են, որ գործունեության երկու տասնամյակի ընթացքում հիմնադրամը բարեգործությանը հատկացրել է մոտ 54 մլրդ դոլար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Microsoft տեխնոլոգիական ընկերության հիմնադիրը մանրամասնել է, որ գումարի 45%-ն ուղղվել է գլոբալ զարգացման նպատակների իրագործմանը, 29%-ը՝ առողջապահական ոլորտին, 16%-ը՝ ԱՄՆ-ում կրթական ծրագրերի իրականացմանը և ևս 10%-ը՝ բարեգործական այլ նպատակների:

Նշվում է, որ համաշխարհային տարբեր կառույցների հետ սերտ համագործակցության արդյունքում ստեղծվել է Պատվաստման և իմունիզացման գլոբալ դաշինքը, ինչի շնորհիվ նախորդ տարում ամբողջ աշխարհում պատվաստվել է ավելի քան 760 մլն երեխա, ինչը հնարավորություն է տվել կանխել 13 մլն մարդու մահ:

Բացի այդ, հիմնադրամն օգնում է ՄԻԱՎ վարակի տարածման դեմ պայքարին՝ օգնելով տասնյակ միլիոնավոր մարդկանց: Գեյթսի կինն իր հերթին նշել է, որ այդ ամենից զատ իրենց համար կա կարևոր ևս երկու խնդիր:

«Բիլի համար դա կլիմայի փոփոխության խնդրի լուծումն է, իսկ ինձ համար՝ գենդերային հավասարությունը»,-նշել է կինը: Ներկայում Բիլ Գեյթսն ունի 112,4 մլրդ դոլար և աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում երկրորդ տեղն է զբաղեցնում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բիլ-Գեյթս  


Վերնագիրի այլ պիտակները