Թրամփն Ասանժին ներում է խոստացել` փոխարենը ՌԴ-ին վերաբերող գործարք առաջարկելով. Ասանժի փաստաբան

12:26   20 Փետրվար 2020    230

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներում է առաջարկել WikiLeaks սկանդալային կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին, եթե նա հայտարարի, որ Ռուսաստանը կապ չունի ԱՄՆ դեմոկրատական կուսակցության սերվերները կոտրելու հետ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է The Guardian պարբերականը` հղում անելով դատարանում Ասանժի փաստաբան Ջենիֆեր Ռոբինսոնի ելույթին:

Ըստ Ռոբինսոնի` առաջարկը փոխանցվել է 2017 թվականի օգոստոսին հանրապետական Դանա Ռորաբախերի կողմից, որն այն ժամանակ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ էր: Ամերիկացի քաղաքական գործիչն ասել է, որ ինքը գործում է «նախագահի անունից» և առաջարկել է ներում կամ «այլ ելք», ասել է փաստաբանը:

Նախկին կոնգրեսականը հերքել է իր միջնորդ լինելու մասին լուրը: Ռորաբախերի կայքում ասված է, որ ո՛չ Սպիտակ տան ղեկավարը, ո՛չ էլ նրա հետ կապված անձինք իրեն չեն կարգադրել հանդիպել Ասանժի հետ:

«Ես երբեք նախագահ Թրամփի հետ չեմ խոսել Ջուլիան Ասանժի մասին»,-ընդգծել է նախկին կոնգրեսականը: Նա նշել է, որ WikiLeaks-ի հիմնադրի հետ զրուցել է սեփական նախաձեռնությամբ և ասել է, որ կխնդրի Թրամփին ներում շնորհել նրան, եթե Ասանժը տեղեկացնի, թե ով է իրեն փոխանցել դեմոկրատների էլեկտրոնային նամակները:

Սպիտակ տանը Թրամփին վերագրվող այս տեղեկատվությունը բնութագրել են որպես «հորինվածք և մեծ սուտ»:

«նախագահը հազիվ է ճանաչում Ռորաբախերին և երբեք նրա հետ այդ թեմայով չի խոսել»,- հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սթեֆանի Գրիշեմը:

2016 թվականին հաքերները կոտրել էին ԱՄՆ դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի սերվերները, ինչից հետո WikiLeaks պորտալն ավելի քան 20 000 էլեկտրոնային նամակ էր հրապարակել, որոնք գրվել էին կոմիտեի պաշտոնյաների կողմից կամ ուղղված էին նրանց: ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները կարծում են, որ կիբեռհարձակումը կատարել են ռուսաստանցի հաքերները:

2010-ին Շվեդիայում Ասանժին մեղադրել են բռնաբարության և սեռական ոտնձգությունների համար: Գտնվելով Լոնդոնում՝ նա ինքնակամ հանձնվել է ոստիկանությանը, կալանավորվել է, այնուհետև ազատ արձակվել գրավի դիմաց: 2011-ին որոշում է կայացվել նրան Շվեդիա արտահանձնելու մասին, որը վերջինս բողոքարկել է:

2012-ին նա ապաստան է ստացել Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, որտեղ 7 տարի է անցկացրել: 2018-ին ԱՄՆ արդարադատության նախարարությունը մեղադրանք է ներկայացրել նրա դեմ, սակայն այն «գաղտնի է պահվում»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները