Փաշինյանն իրանց մեդալ ու պագոն ա տալիս, բայց ունենում ենք նոր զոհեր. իրավապաշտպան

14:14   20 Փետրվար 2020    778

«Փաշինյանի հետ հանդիպում ենք պահանջում եւ պահանջում ենք, այս եւ մնացած բոլոր գործերով հանձնաժողով ստեղծել: Մենք ուզում ենք ցույց տալ՝ ինչ վիճակ է տիրում քրեական գործերի քննությունների ժամանակ , ինչպես են կոծկվում դրանք, ասում են՝ 97 տոկոս բացահայտում ունեն ու իրենք իրենց ծափահարում են, Փաշինյանը մեդալ ու պագոն է տալիս, բայց արդյունքում մենք ունենում ենք նոր զոհեր»,-այսօր կառավարության առաջ ասաց «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցը, որը նույնպես միացել էր սեւազգեստ մայրերի բողոքի ցույցին:

Կարապետյանցի խոսքով, պիտի լսեն այդ մարդկանց, որպեսզի քրեական գործերով ունենան նաեւ այլընտրանքային տեսակետ եւ միայն չհիմնվեն պաշտոնական կարծիքի վրա. «Գլխավոր դատախազը հեղափոխության խաչը պաչելով ու խաղի կանոններն ընդունելով ման է գալիս, բայց ոչինչ չի փոխվել, հիմա էլ նույն բանն են անում, ռազմական դատախազությունը, ռազմական ոստիկանությունը:

Պիտի լսեն այս մարդկանց տեսակետը: Փաստաբանների, իրավապաշտպանների տեսակետը: Լուծում չի լինելու այնքան ժամանակ՝ քանի դեռ այս գործերը բացահայտված չեն»: Զոհված զինվորների ծնողներն արձագանքեցին՝ պիտի ընդունի Փաշինյանը, պարտավոր է ընդունել. «Կարող է ինչ-որ ստեր են լցնում նրա ականջները, բայց մենք տղա ենք տվել պետությանը, պահանջում ենք, որ այսօր արդարություն լինի: Քննչական կոմիտե, դատախազություն պիտի բոլորին հանի՝ ռադ անի ու պատասխանատվության ենթարկի»:

Նինա Կարապետյանցի խոսքով, եթե Փաշինյանը չընդունի՝ պայքարի այլ տարբերակների կանցնեն, որպեսզի իրենց ձայնը լսելի դարձնեն. «Ինքը պիտի իմանա՝ ոնց է աշխատում Քննչական կոմիտեն: Այդտեղ մինչեւ այսօր աշխատում են այն քննիչները, որոնք ժամանակին կոծկել են այդ գործերը: Եվ նրանք այսօր աշխատում են ավելի բարձր պաշտոններում:



Hayatsk.info

Հեշթեգներ: Փաշինյան  


Վերնագիրի այլ պիտակները