Պուտինը, Մերկելն ու Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայում և Լիբիայում տիրող իրավիճակը

10:49   21 Փետրվար 2020    454

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եռակողմ հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Սիրիայում և Լիբիայում իրավիճակը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

Կրեմլի հաղորդագրության մեջ նշվում է, որ Ռուսաստանի, Ֆրանսիայի նախագահներն ու Գերմանիայի կանցլերը հատուկ ուշադրություն են դարձրել Իդլիբում ստեղծված իրավիճակին:

Մասնավորապես, Պուտինն ընդգծել է ահաբեկչական վտանգը վերացնելու անհրաժեշտությունը` հետևելով Սիրիայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության սկզբունքներին:

Իրենց հերթին, Մակրոնն ու Մերկելը պատրաստակամություն են հայտնել նպաստելու Իդլիբում լարվածության նվազեցմանը: Կողմերն ընդգծել են նաև խաղաղ բնակչության համար հումանիտար հետևանքների անթույլատրելիությունը:

Բացի այդ, Ֆրանսիայի նախագահն ու Գերմանիայի կանցլերը պատրաստակամություն են հայտնել հանդիպելու Պուտինի և Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ` քննարկելու Իդլիբում իրավիճակի սրացումը:

Հեռախոսազրույցի ընթացքում առաջնորդներն իրենց աջակցությունն են հայտնել նաև Լիբիայում հրադադարի պահպանմանն ու երկխոսության շարունակությանը` ելնելով Բեռլինյան համաժողովի որոշումներից:

Ռուսաստանի նախագահը ցավակցություններ է հայտնել Մերկելին փետրվարի 20-ին Հանաու քաղաքում տեղի ունեցած հրաձգության համար, որի ժամանակ զոհվել է 9 մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին   Մերկել   Մակրոն  


Վերնագիրի այլ պիտակները