ԱՄՆ հետախուզությունը կարծում է, որ ՌԴ-ն կրկին օգնում է Թրամփին 2020 թվականին վերընտրվելու հարցում

20:06   21 Փետրվար 2020    327

ԱՄՆ հետախուզության ներկայացուցիչները Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում կայացած ճեպազրույցում հայտարարել են, որ Ռուսաստանը, ենթադրաբար, միջամտում է 2020 թվականի նախագահական ընտրություններին, որպեսզի հասնի նախագահ Դոնալդ Թրամփի վերընտրությանը, գրում է New York Times թերթը՝ վկայակոչելով հինգ իրազեկ աղբյուրի:

Հաղորդվում է, որ ճեպազրույցը կայացել է փետրվարի 13-ին, իսկ հաջորդ օրը Թրամփը խիստ քննադատության է ենթարկել Ազգային հետախուզության տնօրեն Ջոզեֆ Մագուայրին, որը մի քանի օրից հեռացվել է պաշտոնից: Պարբերականի տվյալներով՝ նախագահը կարծում է, որ դեմոկրատ կոնգրեսականներն իր դեմ կարող են օգտագործել ստացված տեղեկատվությունը:

Չորեքշաբթի Թրամփը հայտարարել էր, որ Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնը կզբաղեցնի Գերմանիայում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Գրենելը: Սակայն վարչակազմում երկու աղբյուր հայտնել են, որ Ջոզեֆ Մագուայրի հեռացումը և Թրամփի դժգոհությունն առաջացրած ճեպազրույցը պարզապես համընկել են, և որ Թրամփը վաղուց պատրաստվում էր պաշտոնից ազատել Մագուայրին:

Հիշեցնենք, որ 2019թ. մարտին Միացյալ Նահանգներում ավարտվել է Մյուլերի վարած հետաքննությունը, որը վերաբերում էր 2016թ. կայացած նախագահական ընտրություններին Ռուսաստանի հավանական միջամտությանը:

Հետաքննությունը տևել է երկու տարի: Այն սկսվել էր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո, երբ լուրջ կասկածներ էին հայտնվել առ այն, որ Կրեմլի միջամտությունը նպաստել է Թրամփի հաղթանակին: Ընդ որում, Մյուլլերը հանգել էր այն եզրակացությանը, որ Թրամփն ու իր շտաբը Ռուսաստանի հետ համաձայնության չեն եկել 2016 թվականի ընտրությունների ժամանակ, և որ Սպիտակ տան գործող ղեկավարը չի խոչընդոտել արդարադատությանը: Ընդ որում, Մյուլլերը նաև պնդել է, որ Ռուսաստանը միջամտել է այդ ընտրություններին:

Թրամփը բազմիցս հերքել էր ռուսական միջամտության հավանականությունը՝ Մյուլերին կոչ անելով դադարեցնել «ամոթալի» հետաքննությունը: Պաշտոնական Մոսկվան ևս հայտարարել էր, որ որևէ առնչություն չունի 2016թ. ընտրությունների հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները