Չինաստանում կորոնավիրուսի դեմ 2-րդ պատվաստանյութն է ստեղծվել

14:44   25 Փետրվար 2020    271

Չինաստանում ստեղծվել է կորոնավիրուսի դեմ արդեն երկրորդ պատվաստանյութը, գրում է thepaper.cn կայքը:

Տեղեկությունների համաձայն` Տյանցզինի համալսարանի մասնագետները ստեղծել են պատվաստանյութ, որը հիվանդները պետք է ընդունեն հաբերի միջոցով: Գիտնականները ծրագրում են հնարավորինս արագ կլինիկական փորձարկումներ անցկացնել:

Պատվաստանյութի հիմնական գործառույթը հիմնվում է մարդու բնական դիմադրողականության բարձրացման վրա: Մասնավորապես, այս պատվաստանյութի միջոցով օրգանիզմում պետք է կորոնավիրուսի սպիատկուցների վրա ազդող հակածին (անտիգեն) ձևավորվի: Հենց այս սպիտակուցների շնորհիվ է վիրուսը ներթափանցում օրգանիզմ և տարածվում: Նոր դեղամիջոցը ակտիվացնում է դիմադրողականության գործընթացները, օրգանիզմը նախապատրաստում կորոնավիրուսի դեմ պայքարին:

Միևնույն ժամանակ նշվում է, որ պատվաստանյութի փորձարկումը, դրա արտադրությունը և շուկաներ մատակարարումը երկար ժամանակ կխլի: Պատվաստանյութը ստեղծած գիտական թիմի ղեկավարը դեղամիջոցի անվտանգությունն իր վրա է փորձարկել, և դեռևս որևէ վնասակար հետևանք չի արձանագրվել:

Նախօրեին Ռուսաստանում Չինաստանի դեսպան Չժան Հանհուեյը հայտարարել էր, որ Չինաստանում պատվաստանյութ են ստեղծել, որն արդյունավետություն է ցույց տվել նոր կորոնավիրուսի դեմ պայքարում:

«Չինաստանում արդեն պատվաստանյութ են ստեղծել, որը դիմադրում է կորոնավիրուսին: Բայց դա դեռևս նախնական է, հարկավոր են հետագա ստուգումներ և աշխատանքներ»,-ասել էր դեսպանը Մոսկվայում լրագրողների հետ կայացած հանդիպման ընթացքում:

Դեսպանը տեղեկացրել էր նաև մի շարք այլ դեղամիջոցների ստեղծման մասին, որոնք արդյունավետ կերպով պայքարում են կորոնավիրուսի դեմ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները