Պոմպեոն նշել է թալիբների հետ գործարքի ստորագրման պայմանը

22:43   25 Փետրվար 2020    406

ԱՄՆ-ը թալիբների հետ համաձայնագիր կկնքի, եթե բռնության շաբաթական կրճատումը հաջողված լինի, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։

Համաձայնագիրը կներառի 18 տարվա մեջ առաջին անգամ երկրից ամերիկյան զինվորականների դուրսբերման բանակցություններ։ «Բոլոր կողմերը հոգնել են ռազմական գործողություններից։ Մենք հասել ենք խաղաղության համար պատմական հնարավորության, մենք պետք է օգտվենք պահից»,- լրագրողներին ասել է Պոմպեոն, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Սպասվում է, որ համաձայնագիրը կստորագրվի փետրվարի 29-ին։

«Բռնության մակարդակի շաբաթական նվազեցումը» սկսվել է անցյալ շաբաթ։ Մինչ այժմ որոշակի հրադադար պահպանվել է։ Թալիբների հարձակումների թիվը կտրուկ ընկել է, եւ Պոմպեոն հաստատել է, որ հրադադարն «աշխատում է»։

Նա նաեւ խոստովանել է, որ Աֆղանստանում ռազմական հաղթանակը ԱՄՆ-ի համար քիչ հավանական էր։

Ներկայում Աֆղանստանում կա 13 000 ամերիկյան զինվորական, եւ ԱՄՆ ՊՆ ղեկավար Մարկ Էսպերն ասել է, թե նրանց թիվը կկրճատվի մինչեւ 8600, եթե թալիբները պահպանեն հրադադարի ռեժիմը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները