Կահիրեում հրաժեշտ են տալիս նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին

17:13   26 Փետրվար 2020    297

Կահիրեում տեղի է ունենում Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժեշտի արարողությունը, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` մանրամասնելով, որ արարողությունը սկսվել է մայրաքաղաքի արևելքում գտնվող Հուսեյին Թանթավի մզկիթում կատարված աղոթքով:

Նախկին նախագահի մահվան կապակցությամբ Եգիպտոսի իշխանությունները փետրվարի 26-ից սկսած եռօրյա սուգ են հայտարարել:

Մուբարաքի դագաղը մզկիթ են բերել ուղղաթիռով: Արարողությանը ներկա է Եգիպտոսի բարձրագույն ղեկավարությունը:

Մզկիթ տանող բոլոր ճանապարհներին անվտանգության ծառայության բազմաթիվ աշխատակիցներ են կանգնած: Մզկիթի մուտքի մոտ են հավաքվել նախկին նախագահի բազմաթիվ կողմնակիցներ:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, փետրվարի 25-ին 91 տարեկանում կյանքից հեռացել է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը:

Երկրի չորորրդ նախագահը Եգիպտոսը ղեկավարել է երեք տասնամյակ՝ մինչ 2011թ. փետրվարի 11-ի պաշտոնանկությունը: Մուբարաքը տապալվել է «Արաբական գարնան» շրջանակում ծագած բողոքի զանգվածային ցույցերի և անկարգությունների ֆոնին:

2012թ. նրան ցմահ ազատազրկման են դատապարտել ցույցերի ժամանակ ընդդիմադիրների ուղղությամբ կրակելու հրաման տալու համար, սակայն 2017թ. մարտին դատարանը նրան արդարացրել է, և Մուբարաքն ազատ է արձակվել:



Hayatsk.info

Հեշթեգներ: Կահիրե  


Վերնագիրի այլ պիտակները