Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հնարավոր է՝ հասած լինի 1500-ի

18:06   26 Փետրվար 2020    334

Փորձագետների կարծիքով՝ Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը կարող է շուրջ 1500 լինել, մինչդեռ կառավարությունը պաշտոնական տվյալներով տեղեկացրել է 95 դեպքի մասին:

Այս մասին գրում է alarabiya.net կայքը: Փորձագետների գնահատականը հիմնված է Իրանում մահացածների պաշտոնական թվի վրա: Իրանում փետրվարի 26-ի դրությամբ մահացածների թիվը 15-ն է, մինչդեռ Հարվարդի համալսարանի համաճարակաբանության պրոֆեսոր, դոկտոր Մարկ Լիպսիչի պնդմամբ՝ մահացություն գրանցվում է վարակվածներից 1-2%-ի մոտ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Եթե մենք ենթադրենք, որ Իրանում մահացության և վարակվածների հարաբերակցությունը նույնն է, դա կնշանակի, որ իրանում 750-ից 1500 վարակված կա: Դա կնշանակի, որ իրավիճակը շատ լուրջ է»,-ասել է Լիպսիչը, միևնույն ժամանակ նշելով, որ գնահատականը կարող է սխալ լինել, եթե մարդիկ բժշկական օգնության հնարավորություն չունեն:

Յեյլի համալսարանի հասարակական առողջապահության դպրոցի համաճարակաբանության պրոֆեսոր, դոկտոր Քավե Խոշնուդը, իր հերթին, ենթադրել է, որ Իրանում վարակվածների թիվը «հնարավոր է հասնի հարյուրների»՝ հաշվի առնելով գրանցված մահվան դեպքերը:

Վերջին տվյալներով Չինաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 78 հազարը, ավելի քան 29 հազարը բուժվել և դուրս է գրվել հիվանդանոցներից, իսկ մահացածների ընդհանուր թիվը հասել է 2715-ի: Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:

Չինաստանի սահմաններից դուրս կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվը հասել է 2459-ի: Նշվում է, որ այս պահի դրությամբ կորոնավիրուսով վարակումներ են գրանցվել աշխարհի 33 երկրներում: Ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները