«Նրան Միշել Օբաման և Հիլարի Քլինթոնն էին սիրում». Թրամփ

18:38   26 Փետրվար 2020    251

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրեն երբեք դուր չի եկել հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնը, գրում է NBC news-ը՝ հիշեցնելով, որ Հոլիվուդի երբեմնի ամենաազդեցիկ կինոպրոդյուսերն այժմ անազատության մեջ է, քանի որ մեղադրվում է մի քանի տասնյակ կանանց բռնաբարության, նրանց նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու համար:

«Ես երբեք Հարվի Վայնշտեյնի երկրպագուն չեմ եղել: Նա խոսում էր այն մասին, որ փորձելու է հաղթել ինձ ընտրություններում… Նա ինձ պարզապես դուր չէր գալիս: Նրա գործի (դատական գործ) վերաբերյալ շատ բան չգիտեմ, քանի որ անընդհատ հանդիպումների եմ, հանրավորություն չունեմ այդ ամենին հետևել»,- ասել է Թրամփը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ Վայնշտեյնին, մասնավորապես, սիրում են դեմոկրատները: «Միայն կարող եմ ասել, որ նրան դեմոկրատներն էին սիրում: Միշել Օբաման էր սիրում նրան: Հիլարի Քլինթոնն էր սիրում: Նա հսկայական գումարներ է տվել դեմոկրատներին, և այստեղ ինձ հետաքրքրում է այն հարցը, թե արդյոք դեմոկրաներից կպահանջեն հետ վերադարձնել այդ փողերը»,- հավելել է Թրամփը:

Ավելի վաղ դատարանը Վայնշտեյնին մեղավոր էր ճանաչել մեղադրանքի հինգ կետերից երկուսով՝ բռնաբարության և սեռական ոտնձգությունների մասով: Մանհեթենի շրջանային դատախազ Սայ Վենսի խոսքով՝ պրոդյուսերին 5-25 տարվա ազատազրկում է սպառնում: Հարվի Վայնշտեյնն ամերիկացի կինոպրոդյուսեր է, Miramax Films ընկերության կառավարման և համահիմնադիրների նախկին անդամ, ինչպես նաև The Weinstein Company ընկերության համահիմնադիրը:

«Օսկար» և BAFTA մրցանակների դափնեկիր է «Սիրահարված Շեքսպիրը» ֆիլմի համար։ Հանդիսացել է Հոլիվուդի ամենաազդեցիկ պրոդյուսերներից մեկը։ Հարվի Վայնշտեյնը ձերբակալվել էր 2018 թվականին՝ Նյու Յորքի ոստիկանական բաժանմունք ինքնակամ ներկայանալուց հետո: Ընդհանուր առմամբ, 2017 թվականի հոկտեմբերից ի վեր ավելի քան 70 կին նրան մեղադրել է սեռական բռնությունների ու բռնաբարությունների համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները