Իրանում տեղի ունեցած պառլամենտական ընտրություններում հաղթել են պահպանողականները․ ամփոփում

10:55   27 Փետրվար 2020    264

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Al Eqtisadiah-ը

Իրանական թերթերը, վերլուծելով այդ երկրում տեղի ունեցած պառլամենտական ընտրությունների նախնական արդյունքները, հայտարարել են, որ աներկբա հաղթանակ են տարել պահպանողական քաղաքական գծի կողմնակիցները։

Նախագահ Հասան Ռոհանիի քաղաքական հակառակորդները խորհրդարանում՝ Մեջլիսում, ձեւավորում են մեծամասնություն։

Ըստ նախնական տեղեկությունների, բոլոր 30 պատգամավորները, որոնք ընտրվել են Թեհրանից, պահպանողականներն են, որոնց առաջնորդը մայրաքաղաքում Մոհամմադ Բաղըր Ղալիբաֆն է, ով հավաքել է 1,2 միլիոն ձայն։

Պարբերականն ընդգծում է, որ ռեֆորմատորները ամբողջական պարտություն են կրել, քանի որ վերջիններիս շատ ներկայացուցիչների պարզապես թույլ չեն տվել մասնակցել ընտրություններին։ Սակայն կան նաեւ երկու այլ պատճառներ։

Նախ, որ մարդիկ գոհ չեն Ռոհանիի կառավարությունից, որին աջակցում էին ռեֆորմատորները, եւ ապա մարդիկ գոհ չէին նախորդ գումարման պառլամենտի գործունեությունից։

Ուշագրավ է այն, որ փետրվարի 21-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքները դեռ հաստատվելու է նաեւ Սահմանադրության պահապանների խորհրդի կողմից եւ բացի այդ էլ, դեռ 11 շրջաններում պետք է երկրորդ փուլ տեղի ունենա, քանի որ թեկնածուներից եւ ոչ մեկը 20 տոկոս քվե հավաքել չի կարողացել։ Երկրորդ փուլը լինելու է ապրիլի 17-ին։ Khabar Fori-ն էլ գրում է, որ 290 պատգամավորական մանդատներից 220-ը բաժին է հասնելու պահպանողականներին, այն դեպքում, երբ նախորդ խորհրդարանում նրանք ունեին ընդամենը 120 մանդատ։ Չափավորականներն եւ ռեֆորմատորները կարողացել են ստանալ 20 տեղ այն դեպքում, երբ նախորդ պառլամենտում նրանք ունեին 140 տեղ։ 39 մանդատ էլ կստանան անկախ թեկնածուները, ովքեր եւ ոչ մեկ քաղաքական ճամբարի չեն պատկանում։

11 մանդատի ճակատագիրը կորոշվի երկրորդ փուլում։ Fars News-ի կարծիքով, պահպանողականները կունենան 223 մանդատ, 20 մանդատ կունենան ռեֆորմատորները, իսկ 36 մանդատ՝ անկախ պատգամավորները։ El Shark պարբերականը նկատում է, որ նոր խորհրդարան եկած պահպանողականների մեջ քիչ չեն նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադի կողմնակիցները։ Այս ընտրությունները աչքի են ընկել մասնակցության ցածր մակարդակով՝ 42,5 տոկոս, այն դեպքում, երբ ամենաքիչ մասնակցությունը միշտ եղել է 51 տոկոս, իսկ սովորաբար մասնակցությունը եղել է 60 տոկոս։Sobh-e-No-ն գրում է, որ պատճառը այն է, որ շատ թեկնածուների պարզապես թույլ չեն տվել մասնակցել ընտրությունների։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները