Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 400-ի

12:01   27 Փետրվար 2020    241

Իտալիայում` Եվրոպայում նոր տեսակի կորոնավիրուսի հիմնական «օջախում», վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակման դեպքերն աճել են 25 տոկոսով, հայտնում է BBC-ն:

Չորեքշաբթի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ առաջին անգամ վիրուսը համաճարակի էպիկենտրոն դարձած Չինաստանից դուրս առավել արագ է տարածվում:

Չորեքշաբթի ուշ երեկոյան Իտալիայի իշխանությունները հայտնել են, որ երկրում վարակակիրների թիվը 400 է, որը երեքշաբթի օրվա համեմատ ավելի է 80-ով:

Վիրուսն առավել շատ տարածվել է երկրի հյուսիսային հատվածում` Լոմբարդիայում և Վենետոյում: Երկրում վիրուսի հետևանքով մահացել է 12 մարդ:

Երկրի կառավարությունը պնդում է, որ բոլոր անհրաժեշտ քայլերն արվել են վիրուսի տարածումը կանխարգելելու և հիվանդներին անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելու համար: Փակվել են դպրոցները, համալսարանները, կինոթատրոնները, չեղարկվել են մի շարք հանրային միջոցառումներ:

Նոր տեսակի կորոնավիրուսով մոտ 40 երկրում արդեն վարակվել է ավելի քան 80 000 մարդ` չնայած որ վարակակիրների ճնշող մեծամասնությունը Չինաստանում են գտնվում:

Վերջին երկու օրերի ընթացքում վարակման առաջին դեպքերի մասին հայտնել են Ավստրիան, Խորվաթիան, Նորվեգիան, Շվեյցարիան, Վրաստանը և Հյուսիային Մակեդոնիան: Այս երկրներում վարակվածներից շատերը նախկինում Իտալիայում են գտնվել, և ենթադրվում է, որ հենց այդտեղ են վարակվել:

Վերջին տվյալներով` Չինաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 78 հազարը, ավելի քան 29 հազարը բուժվել և դուրս է գրվել հիվանդանոցներից, իսկ մահացածների ընդհանուր թիվը հասել է 2715-ի:

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:

Ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իտալիա  


Վերնագիրի այլ պիտակները