Նորվեգիայում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել

20:52   27 Փետրվար 2020    322

Նորվեգիայի հյուսիսում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման մեկ դեպք է գրանցվել:

Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Հանրային առողջապահության նորվեգական ինստիտուտին:

Ինստիտուտի ներկայացուցիչները կոչ են արել չծայրահեղացնել իրավիճակը և բացատրել են, որ այն մարդը, որի կորոնավիրուսի թեստը դրական պատասխան է տվել, իրեն լավ է զգում, սակայն շարունակում է մնալ տնային կարանտինի պայմաններում: Վարակվածի սեռն ու տարիքը չի նշվում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Այսօր (փետրվարի 26-ին) անցկացված թեստը թույլ դրական արդյունք է ցույց տալիս, նախորդ անալիզի պատասխանը բացասական էր եղել: Թեստի պատասխանը կորոնավիրուսի հետքեր է ցույց տալիս»,- տեղեկացրել է Հանրային առողջապահության նորվեգական ինստիտուտի ինֆեկցիոն պաշտպանության և արտակարգ իրավիճակներին պատրաստության բաժնի ղեկավար Լինե Վոլդը:

Ինստիտուտի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ Նորվեգիայի բնակիչներից ընդհանուր առմամբ վերցվել է շուրջ 100 անալիզ, որոնցից միայն մեկն է դրական արդյունք ցույց տվել: Իտալիայի հյուսիսից Նորվեգիա վերադարձած 5 անձինք նույնպես անալիզներ են հանձնել և սպասում են պատասխաններին, նրանք գտնվում են կարանտինում:

Վերջին տվյալներով` Չինաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 78 հազարը, ավելի քան 29 հազարը բուժվել և դուրս է գրվել հիվանդանոցներից, իսկ մահացածների ընդհանուր թիվը հասել է 2715-ի:

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:

Ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նորվեգիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները