Ամերիկական ինքնաթիռը լազերի ազդեցության է ենթարկվել չինական էսկադրային ականակրի կողմից

12:44   28 Փետրվար 2020    354

ԱՄՆ ռազմածովային ուժերի ափային ավիացիայի P-8A Poseidon ինքնաթիռը փետրվարի 17-ին լազերի ազդեցության է ենթարկվել չինական №161 էսկադրային ականակրի կողմից:

Դեպքը տեղի է ունեցել Գուամ կղզուց դեպի արեւմուտք 600 կմ հեռավորության վրա, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»՝ հղում անելով ԱՄՆ խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատարությանը:

Հայտարարության մեջ նշվում է, որ P-8A-ն գտնվել է միջազգային օդային տարածքում՝ բոլոր կանոններին եւ դրույթներին համապատասխան: Ընդ որում, չինական ականակրի գործողությունները եղել են «ոչ անվտանգ եւ ոչ պրոֆեսիոնալ»:

Բացի այդ, չինացիներն իրենց գործողություններով խախտել են ծովում չծրագրված բախումների միջազգային օրենսդրությունը՝ բազմակողմ համաձայնագիր, որը կնքվել է 2014 թվականին երկու երկրների միջեւ միջադեպերի թիվը նվազեցնելու համար:

Օրենսգրքում հատուկ նշվում է լազերների օգտագործումը, որոնք կարող են վնաս հասցնել անձնակազմին կամ սարքավորումներին:

Չինական ականակրի անձնակազմը խախտել է նաեւ փոխըմբռնման մասին հուշագիրը, որը ստորագրել էին ԱՄՆ եւ ՉԺՀ պաշտպանության նախարարությունները:

Լազերի օգտագործումը, որն անհնար էր տեսնել անզեն աչքով, գրանցվել է սենսորային հաղորդիչի կողմից: Լազերները, որոնք կիրառվում են զինված ուժերում, կարող են լուրջ վնաս հասցնել ինքնաթիռների անձնակազմերին, ինչպես նաեւ օդանավերի համակարգերին:

P-8A ինքնաթիռն ուղեւորվում էր Ճապոնիա Օկինավա կղզում գտնվող ԱՄՆ ՌՕՈւ բազա:

«ԱՄՆ ՌԾՈւ ինքնաթիռները մշտապես թռիչքներ են կատարել Ֆիլիպինյան ծովի վրայով, եւ դա արել են տարիներ շարունակ եւ կշարունակեն թռիչքներ կատարել… այնտեղ, որտեղ թույլ է տալիս միջազգային իրավունքը»,- ասվում է ԱՄՆ խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատարության հայտարարության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները