Նուբար Աֆեյանի ընկերությունը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է ստեղծել և ուղարկել փորձարկման

20:59   28 Փետրվար 2020    344

Ամերիկյան Մասաչուսեթս նահանգի Քեյմբրիջ քաղաքում գտնվող Moderna Therapeutics կենսատեխնոլոգիական ընկերությունը COVID-19 կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է ստեղծել և ուղարկել է այն փորձարկման:

Այս մասին գրում է Time-ը: Պատվաստանյութը ստեղծվել է 42 օր անց այն բանից հետո, երբ չինացի հետազոտողները հրապարակել էին վիրուսի գենետիկ կոդը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պատվաստանյութի նմուշներն ուղարկվել են ԱՄՆ ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտ: Նշվում է, որ պատվաստանյութը մարդկանց վրա կփորձարկվի ապրիլից:

Moderna Therapeutics ընկերությունը պատվաստանյութը ստեղծել է` հիմնվելով նոր գենետիկ մեթոդի վրա, որը վիրուսի շատ նմուշներ չի պահանջում: Այս պատվաստանյութի շնորհիվ ավշային հանգույցներում իմունային բջիջները սպիտակուցներ են արտադրում, որոնց շնորհիվ մյուս իմունային բջիջները հայտնաբերում և սպանում են վիրուսներին:

Նշենք, որ Moderna Therapeutics ընկերության համահիմնադիրը և գլխավոր տնօրենը հայազգի գործարար Նուբար Աֆեյանն է: Վերջին տվյալներով` Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 2788-ի, վարակված է 78 824 մարդ, ապաքինվել և հիվանդանոցներից դուրս են գրվել մոտ 36 000-ը:

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:

Ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կորոնավիրուս   Նուբար-Աֆեյան  


Վերնագիրի այլ պիտակները