«Իրանում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը ոչ թե 34 է, ինչպես երկրի իշխանություններն են պնդում, այլ 210». BBC

15:04   29 Փետրվար 2020    298

Իրանում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով առնվազն 210 հիվանդ է մահացել։ Այս մասին հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով երկրի հիվանդանոցներում իր աղբյուրները:

Զոհերի մեծ մասը երկրի մայրաքաղաք Թեհրանից և Ղոմ քաղաքից են, որտեղ առաջին անգամ ի հայտ են եկել Covid-19 վիրուսով վարակման դեպքերը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Երկրի իշխանությունները պաշտոնապես հայտարարել են 34 զոհի և 388 վարակակրի մասին, սակայն այս ցուցանիշը վեց անգամ գերազանցում է ուրբաթ երկրի առողջապահության նախարարության ներկայացրած տվյալները. Իրանում կորոնավիրուսի հետևանքով առնվազն 210 հիվանդ է մահացել, գրում է աղբյուրը:

Աղբյուրը հավելել է, որ Իրանի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը պնդում է, որ հանրությանը ներկայացված թվերը ճշմարիտ են՝ BBC-ին մեղադրելով ստահոդ տեղեկությունների տարածման համար:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ ԱՄՆ-ն օգնություն է առաջարկել Իրանին կորոնավիրուսի դեմ պայքարում:

«Մենք օգնություն ենք առաջարկել Իրանի Իսլամական Հանրապետությանը»,- ասել է Պոմպեոն: Նա նշել է, որ ներկայում գործում է Շվեյցարիայի իշխանությունների հետ համատեղ ստեղծված մարդասիրական խումբը, որի օգնությամբ հնարավոր կլինի մարդասիրական օգնություն ուղարկել Իրան։

Պետքարտուղարը հավելել է, որ Իրանում չկա առողջապահության ամուր ենթակառուցվածք՝ մտահոգություն հայտնելով, որ Թեհրանը չի հայտնում հիվանդության տարածման վերաբերյալ տեղեկատվությունը:

Փետրվարի 28-ին հայտնի է դարձել, որ Իրանի խորհրդարանը դադարեցնում է աշխատանքը կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով: Նախօրեին հաղորդվել էր, որ կորոնավիրուս է հայտնաբերվել երկրի խորհրդարանի 4 անդամների մոտ:

Իրանում կորոնավիրուսի առաջին դեպքերի մասին հայտնի է դարձել փետրվարի 19-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները