Մեծ Բրիտանիայում գրանցվել է մարդուց մարդուն նոր տեսակի կորոնավիրուսի փոխանցման առաջին դեպքը

17:05   29 Փետրվար 2020    297

Մեծ Բրիտանիայում գրանցվել է մարդուց մարդուն նոր տեսակի կորոնավիրուսի փոխանցման առաջին դեպքը:

Այս մասին ասված է Անգլիայի գլխավոր սանիտարական բժիշկ Քրիս Ուիթիի ՝ փետրվարի 28-ին տարածած հայտարարության մեջ, հաղորդում է The Guardian-ը:

«Վիրուսը փոխանցվել է Մեծ Բրիտանիայի տարածքում, իսկ հիվանդը տեղափոխվել է Լոնդոնի Գայի և Սուրբ Թոմասի հիվանդանոցի հատուկ ինֆեկցիոն կենտրոն»,-հայտնել է նա: Այսպիսով` Մեծ Բրիտանիայի տարածքում դեպքերի ընդհանուր թիվը հասել է 20-ի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Միևնույն ժամանակ, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կորոնավիրուսի դեմ պայքարն անվանել է կառավարության «գերակա խնդիրը» և երկրի բնակիչներին խորհուրդ տվել ձեռքերը հաճախ լվանալ օճառով:

Փետրվարի 28-ի դրությամբ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 83 հազարը։ Այն տարածվել է մոլորակի ավելի քան 60 երկրում: Վերջին տվյալների համաձայն՝ Չինաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 79 251-ը, որոնցից 2 835-ը՝ մահվան ելքով:

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:

Վերջին օրերին ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեծ-Բրիտանիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները