Ավստրալիայի նահանգները կորոնավիրուսի տարածման պատճառով իրենց ներքին սահմանները փակում են

11:38   24 Մարտ 2020    208

Ավստրալիայի 4 նահանգ իրենց վարչական սահմանները փակում են՝ վիրուսի լայն տարածումը կասեցնելու համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին երեքշաբթի հայտարարություններով հանդես են եկել Թասմանիա, Հարավային Ավստրալիա, Քվինսլենդ եւ Արեւմտյան Ավստրալիա նահանգների ղեկավարները:

«Այսօրվանից սկսած, եթե պատրաստվել էիք Թասմանիա գալ, մի եկեք: Մի նստեք լաստանավ, կամ մենք ստիպված կլինենք ձեզ խնդրել վերադառնալ»,- հայտարարել է Թասմանիայի նահանգապետ Պիտեր Գուտվեյնը՝ ներկայացնելով «նահանգի սահմանների արգելափակման առավելագույն խիստ միջոցները»:

Նա նշել է, որ երեքշաբթի՝ մարտի 24-ից սկսած Թասմանիա կարող են գալ միայն բժիշկները, արտակարգ ծառայության եւ ոստիկանության աշխատակիցները: Կղզում մշտապես բնակվող քաղաքացիները կարող են տուն վերադառնալ, բայց սահմանը հատելուց հետո պարտավոր են երկշաբաթյա կարանտին պահպանել:

Համանման հայտարարությամբ է հանդես եկել նաեւ Քվինսլենդ նահանգի վարչապետ Անաստասիա Պալաշչուկը: «Մենք չենք ցանկանում, որ Նոր Հարավային Ուելսից եւ Վիկտորիայից մարդիկ գան այստեղ՝ Քվինսլենդ: Մարդիկ պետք է մնան իրենց նահանգներում, իրենց քաղաքներում եւ որքանով հնարավոր է՝ իրենց տներում»,- նշել է նա՝ նահանգի բնակիչներին նաեւ կոչ անելով հրաժարվել նահանգի մեջ բոլոր ուղեւորություններից եւ հնարավորության սահմաններում տանը մնալ: Հաղորդվում է, որ կեսգիշերից հետո նահանգի սահմանը փակվելու է տրանսպորտի բոլոր տեսակների համար:

Սահմանները փակելու մասին ավելի վաղ հայտնել էին Հարավային Ավստրալիա եւ Արեւմտյան Ավստրալիա նահանգները, ինչպես նաեւ Հյուսիսային տարածք տարածաշրջանը: Նահանգներ ազատ մուտքը դադարեցվելու է երեքշաբթի տեղական ժամանակով համապատասխանաբար 16:00-ին եւ 13:30-ին: Նահանգների բնակիչները կարող են տուն վերադառնալ հատուկ ստեղծված 12 անցակետերով, սակայն ստիպված են լինելու երկշաբաթյա կարանտին պահել: Հյուսիսային տարածքն իր սահմանները փակել էր մարտի 19-ին, որ խուսափի կորոնավիրուսի տարածումից բնիկների հեռավոր բնակավայրեր: Տարածաշրջանի բնակիչները կարող են տուն վերադառնալ՝ 14 օրով պարտադիր ինքնամեկուսացման պայմանով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ավստրալիա  


Վերնագիրի այլ պիտակները