ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը G20-ին կոչ է արել պատերազմական իրավիճակին հատուկ ծրագիր ընդունել

15:05   25 Մարտ 2020    343

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դիմել է «Մեծ քսանյակ»-ի պետությունների ղեկավարներին՝ հորդորելով ընդունել պատերազմական իրավիճակին հատուկ ծրագիր, որը կորոնավիրուսի համավարակը հաղթահարել փորձող զարգացող երկրների բիզնեսին, աշխատավորներին և տնային տնտեսություններին մի քանի տրիլիոն դոլարի ծավալով խթանիչ փաթեթների հատկացում կներառի, գրում է The Guardian պարբերականը։

G20 ղեկավարներին ուղղված նամակում գլխավոր քարտուղարը նշել է, որ այս երկրները կազմում են համաշխարհային համախառն ներքին արտադրանքի 85 տոկոսը, ուստի «Մեծ քսանյակ»-ի պետությունների շահերից է բխում ճգնաժամի հաղթահարման հարցում այդ երկրներին օգնելը:

«Պետք է համակարգենք բոլոր ռեսուրսները և պայմաններ ստեղծենք զարգացող երկրների համար իրենց տարածաշրջաններում և տնտեսություններում համաճարակի հաղթահարման հավասար իրավունքներ ապահովելու համար»,- նշել է գլխավոր քարտուղարը։

Գուտերեշը զգուշացրել է նաև, որ այս պարտավորության իրականացման ցանկացած թերացում կհանգեցնի ապոկալիպտիկ մասշտաբի համավարակի, որն իր ազդեցությունը կունենա յուրաքանչյուրի վրա։

ՄԱկ-ի խոսնակ Սթեֆան Դույարիքը, իր հերթին, հիշեցրել է, որ G20 ղեկավարների առցանց հանդիպումը տեղի կունենան հինգշաբթի։

Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 422 966-ի, որից 18 906-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 109 143 մարդ։

Hayatsk.info

Հեշթեգներ: G20  


Վերնագիրի այլ պիտակները