Պոմպեոն կրկին քննադատության տարափ է տեղացել Չինաստանի վրա

21:05   25 Մարտ 2020    292

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կրկին քննադատության տարափ է տեղացել Չինաստանի վրա՝ հայտարարելով, որ կորոնավիրուսի մասին տեղեկատվության փոխանակման հարցում Պեկինի «հապաղումը» ռիսկեր է ստեղծել ամբողջ աշխարհի մարդկանց համար։

Washington Watch ռադիոհաղորդմանը տված հարցազրույցում Պոմպեոն հայտարարել է, որ մտահոգված է «տեղեկատվությունը թաքցնելու եւ ապատեղեկատվության համար, որով զբաղվում է Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը՝ շարունակելով աշխարհին զրկել անհրաժեշտ տեղեկատվությունից, որպեսզի մենք կարողանանք կանխել նոր դեպքերի կրկնությունը կամ դրա պես մի բան»։

Նա վիրուսի մասին ապատեղեկատվություն տարածելու համար նաեւ մեղադրել է Իրանին եւ Ռուսաստանին․ «Ապատեղեկատվության քարոզչությունը Ռուսաստանում, Իրանում եւ Չինաստանում շարունակվում է»։

Չնայած Չինաստանի հանդեպ իր կտրուկ քննադատությանը՝ Պոմպեոն ձեռնպահ է մնացել «չինական վիրուս» կամ «Ուհանի վիրուս» որակումներից, որոնք բազմիցս օգտագործել էր՝ խիստ զայրացնելով Չինաստանին, հայտնում է Reuters-ը։

«Կգա փոխադարձ մեղադրանքների ժամանակը»,- ասել է Պոմպեոն՝ հավելելով, որ աշխարհի համար կարեւոր է իմանալ, թե ինչ է իրականում տեղի ունենում։ «Սա չդադարող գլոբալ ճգնաժամ է, եւ մենք պետք է ապահովենք, որ յուրաքանչյուր երկիր այսօր լինի թափանցիկ՝ կիսելով այն, ինչն իրականում տեղի է ունենում, որպեսզի առողջապահության եւ վարակիչ հիվանդությունների համաշխարհային հանրությունը կարողանա սկսել աշխատանքը»։

Պեկինում ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը հայտարարել է, որ Չինաստանը թափանցիկ է եւ տեղեկատվությամբ կիսվել է ԱՀԿ-ի ու այլ երկրների հետ, ներառյալ՝ Միացյալ Նահանգները։ «Մենք կոչ ենք անում ԱՄՆ-ին դադարել քաղաքականացնել համաճարակը եւ դադարել հարձակվել Չինաստանի վրա ու զրպարտել նրան»,- ամենօրյա մամուլի ասուլիսում ասել է Շուանը։

Պոմպեոն ասել է, թե ապագայում անհրաժեշտ կլինի «շատ կարեւոր որոշումներ» ընդունել այն մասին, թե ինչպես պետք է կառուցվեն Միացյալ Նահանգների եւ Չինաստանի հարաբերությունները։

Hayatsk.info

Հեշթեգներ: Պոմպեո  


Վերնագիրի այլ պիտակները