Բոլսոնարուն Բրազիլիայում կարանտինի չեղարկման դեմ գովազդային արշավ է պատրաստել

20:05   28 Մարտ 2020    242

Բրազիլիայի կառավարությունը, հետևելով նախագահ Ժաիր Բոլսոնարուի այն համոզմանը, որ նոր կորոնավիրուսի դեմ պայքարը ոչնչացնում է տնտեսությունը, պատրաստում և փորձարկում է գովազդային արշավ՝ «Բրազիլիան չի կարող կանգ առնել» (#BrazilCannotStop) կարգախոսով, գրում է Reuters գործակալությունը։

Տեսանյութում, որը սոցցանցերում տարածվել է նախագահի կողմնակիցների կողմից, թվարկվում են այն մասնագիտությունները, որոնց համար «Բրազիլիան չի կարող կանգ առնել», ինչպես նաև խոսվում է այն ընկերությունների մասին, որոնք ստիպված են փակվել և կրճատել աշխատողներին:

Հոլովակը, որն առայժմ պաշտոնապես չի հրապարակվել, տեղական ԶԼՄ-ների տեղեկություններով, «փորձնական» տարածվել է նախագահի կողմնակիցների շրջանում: Այն կտրուկ քննադատության է արժանացել ընդդիմության առաջնորդների կողմից, որոնք Բրազիլիայի նախագահի քայլերը որակել են ԱՀԿ-ի առաջարկած և միջազգային հանրության կողմից ընդունված կարանտինային միջոցառումների բոյկոտ և քաղաքացիների կյանքի և առողջության դեմ մահափորձ:

Ավելի վաղ Բրազիլիայի նախագահը դիմել էր երկրի նահանգապետերին՝ կոչ անելով չեղարկել կարանտինը, իսկ բրազիլացիներին հորդորել էր վերադառնալ աշխատանքի։ «Մենք պետք է վերադառնանք բնականոն կյանքին։ Մի քանի նահանգներ և քաղաքապետարաններ պետք է հրաժարվեն իրենց որդեգրած քաղաքականությունից», - հայտարարել էր Բրազիլիայի նախագահը։

Կարանտինի մեջ գտնվող բրազիլացիներն ի պատասխան նախագահ Ժաիր Բոլսոնարուի՝ կարանտինը չեղարկելու և աշխատանքի վերադառնելու մասին կոչերին, պատուհաններից և պատշգամբներից իրենց զայրույթն էին արտահայտել «Բոլսոնարո՛ւ, հեռացի՛ր» բացականչություններով։ «Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ նախագահի աթոռը դատարկ է։ Մենք չունենք նախագահ, մենք ունենք ծաղրածու, որը չգիտի, թե ինչ է անում», - ասել էր քաղաքացիներից մեկը։

Բրազիլիայի առողջապահության նախարարության վերջին տեղեկատվության համաձայն՝ երկրում նոր կորոնավիրուսից արդեն զոհվել է 19 մարդ, հաստատվել է հիվանդության 3417 դեպք:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրազիլիա  


Վերնագիրի այլ պիտակները