Մեքսիկան կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրություն է հայտարարել առողջապահության ոլորտում

11:13   31 Մարտ 2020    198

Մեքսիկայի առողջապահական խորհուրդը, որի կազմում ընդգրկված են երկրի առողջապահության նախարարության ղեկավարությունը և դաշնային գերատեսչությունների մի շարք ղեկավարներ, առողջապահության ոլորտում 30 օր տևողությամբ արտակարգ դրություն է հայտարարել և նոր սահմանափակումներ մտցրել, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«SARS-CoV-2 վիրուսով պայմանավորված COVID-19 հիվանդության համավարակի ֆորսմաժորային հետևանքների պատճառով առողջապահության ոլորտում արտակարգ դրություն է հայտարարվել։ Առողջապահության նախարարությունը կորոշի բոլոր հաջորդ անհրաժեշտ քայլերը»,- ասվում է առողջապահության գլխավոր խորհրդի հայտարարության մեջ։

Առողջապահության նախարարության հերթական մամուլի ասուլիսի ժամանակ փոխնախարար Ուգո Լոպես Գատելը հակիրճ բացատրություններ է տվել ուժի մեջ մտած և մինչև ապրիլի 30-ը գործող նոր միջոցառումների մասին։

«Առաջին միջոցառումներից մեկն այսօրվանից՝ մարտի 30-ից մինչև ապրիլի 30-ը պետական, մասնավոր և սոցիալական ոլորտում գործունեության դադարեցումն է: Անփոփոխ կմնա կենսական անհրաժեշտության հինգ տեսակի աշխատանքի ռեժիմը»,- հայտնել է Լոպես Գատելը։

Կենսական առումով անհրաժեշտ են առողջապահական, հանրային անվտանգության՝ այդ թվում ոստիկանության, բանակի, արդարադատության, օրենսդիրի, տնտեսության համար հիմնաքարային աշխատանքի տեսակները, կառավարության սոցիալական ծրագրերը, ինչպես նաև ծայրահեղ կարևորության ենթակառուցվածքներին աջակցելու աշխատանքները։

Մեքսիկայի բոլոր բնակիչները, այդ թվում երկրում ժամանակավոր գտնվողները և օտարերկրացիները, որոնք ծայրահեղ անհրաժեշտության աշխատանքներ չեն կատարելու, պետք է մինչև ապրիլի 30-ը սահմանափակեն իրենց տեղաշարժը և տանն անցկացնեն ժամանակի հնարավորինս մեծ մասը։ Խիստ տնային կարանտինային ռեժիմ է սահմանվում 70 տարեկանից բարձր անձանց, ինչպես նաև բժշկական ցուցումներով ռիսկային գոտում գտնվողների համար։

Մեքսիկայում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը մարտի 30-ի դրությամբ հասել է 1094-ի, որից 28-ը՝ մահվան ելքով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեքսիկա  


Վերնագիրի այլ պիտակները